Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Վանյանի նախաձեռնությամբ և ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ ԱրՊՀ պուրակում բեմադրվել է «Երազ: Պտտվիր, պտտվիր, կարուսե՛լ» կոմպոզիցիան (սցենարի հեղինակ՝ Ն. Ավետիսյան):
Կոմպոզիցիան միահյուսել էր հայ պոեզիայի կտորները, և ներկայացվել կիթառի նվագակցությամբ։
«Բոլորս Արցախում ունենք սպասումներ, երազանքներ, անցյալի կորստից սերած տրտմություն, հույսեր: Այս զգացումներով լի մեր կյանքը սկսել է նմանվել մի խելագար խնջույքի, որ կարուսելի պես պտտեցնում է մեզ առանց վերջի ու սկզբի: Այս մասին էր «Երազ: Պտտվիր, պտտվիր, կարուսե՛լ» կոմպոզիցիան։ Պոեզիան ու ժողովրդական դարձած երգերը թարմ լիցքեր պարգևեցին և՛ հանդիսատեսին, և՛ մասնակիցներին»,- նշել է միջոցառման նախաձեռնող Լուսինե Վանյանը՝ հավելելով, որ նպատակն էր խթանել ստեղծագործական համագործակցությունը:
Ուսանողներն ասմունքել են հայ դասական գրողների գործերից, հնչել են երաժշտական կատարումներ։
Բեմադրության ավարտին տեղի է ունեցել քննարկում և թեյախմություն: