Արցախի պետական համալսարան

Մայիսի 2-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտացման մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները կազմակերպել են «Մեր մեծերը» խորագրով միջոցառում՝ նվիրված մեծ հայագետ-լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Հակոբի Աճառյանին։ Միջոցառումը նախաձեռնել է Ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Օֆելյա Բաբայանը։

Ուսանողուհի Աքսաննա Համբարձումյանը հանդես է եկել «Աճառյանի կյանքը, Աճառյանը Շուշիում և կյանքի հետաքրքիր պատմություններից», Լիլիանա Հայրիյանը՝ «Աճառյանի գրական ժառանգությունը», Աննա Ավանեսյանը՝ «Աճառյանի բերած գիտական նորույթը հայերենագիտության տիրույթում», Դիանա Բալասանյանը՝ «Աճառյանը մեծ մանկավարժ ու հայրենասեր» թեմաներով զեկուցումներով։
«Նման լեզվաբան հարյուր տարին մեկ կարող է հայտնվել հայոց աշխարհում։ Նա, իրոք, աստվածային հրաշք է»,-նրա մասին գրել է մեկ այլ նշանավոր լեզվաբան Մանուկ Աբեղյանը։
 
«Հայերեն բարբառների հանգամանալից հետազոտությունը, այդ բարբառների համակարգության սահմանումը, դրանց ուսումնասիրման սկզբունքների որոշումը. այն կարևոր նորույթներից է, որ բերեց Աճառյանը հայոց լեզվի ուսումնասիրության մեջ, ինչը ներկայացրել եմ իմ զեկուցմամբ»,- նշել է Աննա Ավանեսյանը՝ կարևորելով նման միջոցառումների դերն ու նշանակությունը ուսումնական գործընթացում։
Աքսաննա Համբարձումյանի խոսքով՝ Հրաչյա Աճառյանի ավանդն անուրանալի է, և անչափ կարևոր է նաև միջոցառումների ձևաչափով անդրադառնալը մեծ գիտնականի կյանքին ու գործունեությանը, ուսումնասիրելու և վերարժևորելու նրա գիտական ժառանգությունը, քանի որ այն ուսանողների համար ուսուցողական և ճանաչողական մեծ նշանակություն ունի։