Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ-ում մեկնարկած բաց դասախոսությունների շարքի հերթական թեման վերաբերում էր կյանքի իմաստին: ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանը հանդես է եկել «Կյանքի իմաստ կամ էքզիստենցիալ փիլիսոփայություն» թեմայով դասախոսությամբ, որին մասնակցում էին ուսանողներ տարբեր ֆակուլտետներից:

Բանախոսը ներկայացրել է թեման հոգեբանության և փիլիսոփայության տեսանկյուններից՝ անդրադառնալով հետևյալ հարցերին. «Ո՞րն է կյանքի իմաստը: Ե՞րբ պետք է մտածել այդ մասին: Ի՞նչ է կյանքի իմաստը` ցանկությո՞ւն, որոշո՞ւմ, պայմա՞ն, հանգամա՞նք, գործո՞ն: Բոլոր մարդկանց համար նո՞ւյնն է ապրելու իմաստը: Ովքե՞ր են կյանքում ապրել իմաստալից: Ունե՞ք ձևակերպած կյանքի իմաստ՞»: Այս և հարակից այլ հարցերի շուրջ ծավալվել է ինտերակտիվ քննարկում,որին ակտիվորեն մասնակցել են նաև ուսանողները:
Բանախոսը կյանքի իմաստավորումը պայմանավորել է մի շարք գործոններով, այդ թվում նաև՝ այլոց համար բարիք արարելու տեսանկյունից:
«Մեծ մարդկանց մոտ եղել է մեծ գործեր ստեղծելու շարժիչ ուժ: Այն, որ աշխատանքն ուղղված է այլոց բարօրությանը, բազմապատկում է ուժերը: Առաջ են գալիս հայրենասիրական պարտք, բժշկի առաքելություն, ուսուցչի բարձր անուն և այլ հասկացություններ: Երբեմն հակասություն է լինում ընտրած կյանքի իմաստի հետ: Օրինակ, ընտրել է տնտեսագետի մասնագիտություն, մինչդեռ խառնվածքով պասիվ, աստենիկ, ալարկոտ է, խնդիրը լուծում է երևակայության մեջ: Արդյունքում անհաջողությունների մեջ մեղադրում է ղեկավարությանը, շրջապատին: Պատճառն այն է, որ մարդն իր համար ընտրել է բարդ ուղի, որին դժվար է հասնել իր հոգեկարտվածքով»,-նշել է Վ. Յարամիշյանը՝ հավելելով, որ կյանքի իմաստը մարդու համար պետք է լինի մատչելի, ոչ կոնկրետ, չափավոր ընդհանրական, որը հնարավորություն կտա բավարարել տարբեր ճանապարհներով: Նրա պնդմամբ՝ հավասարապես անօգուտ է նաև չափից դուրս ընդհանրական ձևակերպումը` օրինակ, դառնալ լավ մարդ, ինչ-որ բանի հասնել և այլն: Անորոշությունը կդժվարացնի համապատասխան մոտիվի ընտրությունը, կյանքի ուղու և վարքագծի կոնկրետացումը:
«Գտեք սեփական իմաստը. այն հնարավոր չէ գտնել գրքերում, պարտադրված նպատակներում, ընտանիքի կամ ընկերների կամ հասարակության մեջ: Հենվեք ձեր արժեքների, ճաշակի, անհատականության, պատմության և որոշման վրա»,-եզրահանգել է հոգեբան-մասնագետը: