Արցախի պետական համալսարան
Մայիսի 5-ին կայացել է ԱրՊՀ գիտխորհրդի նիստ, որին ներկա էր նաև Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը:
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ներկայացրել է օրակարգային առաջին հարցը, որը վերաբերում էր ԱրՊՀ 2022-2023 ուսումնական տարվա բակալավրիատի (առկա և հեռակա), մագիստրատուրայի (առկա), ասպիրանտուրայի, հայցորդության ուսման վճարի տարեկան չափերը սահմանելու մասին:
Գիտխորհուրդը որոշում է կայացրել փոփոխության չենթարկել ուսման վճարի տարեկան չափերը, իսկ նոր ուստարվանից ներդրվող «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական ծրագրի համար սահմանել ուսման տարեկան վարձավճարի նվազագույն չափը՝ 250 հազար ՀՀ դրամ:
Օրակարգի հաջորդ հարցը 2021-2022 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննությունների, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության նախապատրաստական աշխատանքների մասին էր, որը ներկայացրել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը:
Պրոռեկտորի խոսքով՝ համալսարանում իրականացվել են ուստարվա ամփոփիչ ատեստավորման քննությունների, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության համար նախապատրաստական բոլոր անհրաժեշտ աշխատանքները. բոլոր ամբիոններում կազմակերպվել են նախապաշտպանությունները, կազմվել են քննական հանձնաժողովները, ներկայացվել լիազոր մարմնի հաստատմանը, քննությունների ժամանակացույցը կներկայացվի տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի սպասարկման բաժին, որպեսզի, ըստ կարգի, ապահովվի քննությունների տեսագրությունները:
ԱրՊՀ որակի ապահովման կենտրոնի վարիչ Շուշանիկ Սաղյանը ներկայացրել է տեղեկատվություն կենտրոնի կողմից ակադեմիական ազնվության սկզբունքի պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքները ավարտականների ու թեզերի մասով: Ներկայացված աշխատանքների որակի բարելավման նպատակով նա ընդգծել է գրագողության դեպքերը բացահայտող ծրագրերի արդիականացման անհրաժեշտությունը:
Օրակարգի հաջորդ հարցով գիտխորհուրդը հաստատել է ԱրՊՀ զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ի.գ.դ., պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին ԱրՊՀ «Պատվավոր դոկտոր»-ի կոչում շնորհելու և ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանին «ԱրՊՀ Ոսկե մեդալ»-ով պարգևատրելու մասին հարցը:
Գիտական խորհրդին շնորհակալություն հայտնելով որոշման համար՝ Վ. Յարամիշյանը նշել է.«Հայրենիքին ծառայելը մեծ պատիվ է, և ես հպարտ եմ, որ իմ ողջ գործունեությունը, գիտակցական կյանքս ամբողջությամբ նվիրված է հայրենիքին ծառայելուն: Սա ինձ համար ապրելու կերպ է»:
Նիստն ամփոփվել է հաճելի արարողությամբ. ռեկտոր Արմեն Սարգսյանը պարգևատրել է ԿԽՄԿ նախաձեռնությամբ կազմակերպված Միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ազգային դատախաղ-մրցույթում հաղթող ճանաչված ԱրՊՀ թիմի անդամներին՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ սովորող ուսանողներ Աստղիկ Բաբայանին, Կարեն Մարտիրոսյանին և Արա Սարգսյանին։
Ռեկտորը շնորհակալություն է հայտնել ուսանողներին՝ ԱրՊՀ անունը տարբեր հարթակներում բարձր պահելու համար՝ մաղթելով շարունակական հաջողություններ: