Արցախի պետական համալսարան

«Համաշխարհային քաղաքակրթությունների պատմություն» դասընթացի շրջանակներում մայիսի 5-ին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողները, պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս Էլինա Մխիթարյանի նախաձեռնությամբ հանդիպել են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ:

​Հանդիպումը կրում էր «Օմբուդսմանի ինստիտուտը՝ որպես համաշխարհային քաղաքակրթությունները միավորող կառույց» խորագիրը: Պաշտպանը պատմական ակնարկով անդրադարձավ մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտի ներդրման փորձերին՝ ժամանակագրորեն ներկայացնելով տարբեր երկրների ձևաչափերը: Պարզաբանելով աշխարհի տարբեր պետություններում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգայնորեն ներդրված մեխանիզմները՝ ի դեմս օմբուդսմանի հաստատության առանձնահատկությունների, Գ. Ստեփանյանը ներկայացրեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեությունը, Արցախում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավիճակը:
​Ուսանողներն իրենց հարցադրումներն ուղղեցին Պաշտպանին՝ Միջազգային կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների հետ համագործակցությամբ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ՝ ստանալով մանրամասն բացատրություններ:
​Ուսանողներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի, աշխատակազմի առանձին կառուցվածքային միավորների գործունեությանը:
​Հանդիպումն ամփոփվել է հաճելի անակնկալով. ուսանողները ՄԻՊ-ի կողմից ստացել են հուշանվերներ։