Արցախի պետական համալսարան

Հանուն հայրենիքի Արցախյան պատերազմներում նահատակված ԱրՊՀ ուսանողների կենսապատումն ամբողջացնող գիրք ստեղծելու աշխատանքները սկսվել էին դեռ նախորդ տարի ռեկտոր Արմեն Սարգսյանի հանձնարարականով։ Այսօր արդեն գիրքն ընթերցողի սեղանին է, որը կտրամադրվի նաև զոհված ուսանողների հարազատներին։

Գիրքը տպագրվել է ԱրՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, խմբագիրն է բ․գ․թ․, դոցենտ Զարինե Սառաջյանը։ Առաջին մասում զետեղված տեղեկություններն ամբողջապես վերահրատարակվել են ըստ Արցախյան առաջին պատերազմում նահատակված ԱրՊՀ ուսանողների հիշատակին նվիրված «Անկախության նվիրյալները» գրքի, որը կազմել և հրատարակության էին պատրաստել Վահրամ Բալայանը, Ռոնա Բալայանը, Մհեր Հարությունյանը, իսկ 2-րդ և 3-րդ մասերը, որոնք նվիրված են Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում անմահացած ուսանողներին, կազմել են Զարինե Սառաջյանը և Լիլիթ Մարգարյանը։
Գիրքը բացվում է առաջաբանով, որտեղ մասնավորապես գրված է․
«Սիրելի՛ ընթերցող.
Քո առջև բացվում է սխրանքներով ու հերոսություններով լի մի գիրք-կենսապատում, որի յուրաքանչյուր էջը ապրողներիս ճշմարիտ ապրելու բանաձևի հրամայական է պատգամում: Գիրքը անկախության ու իր հայրենիքում ազատ ապրելու համար հայության մղած պայքարում նահատակված ԱրՊՀ ուսանողների մասին է: Հավերժի ճամփան բռնած մեր հերոս տղաները ընդմիշտ մնացին ուսանողներ՝ աշխարհին ցույց տալով ամենաիմաստուն դասը՝ հանուն հայրենիքի պաշտպանության զոհասեղանին դնելով իրենց կյանքերը: Տղաներ, ովքեր կարող էին դառնալ աշխարհահռչակ գիտնականներ, մարզիկներ, արվեստագետներ, բայց գերադասեցին լինել անձնվեր զինվորը հայրենիքի:
Արցախյան շարժման տարիներին Արցախի պետական համալսարանը դարձել էր գաղափարական դարբնոց, որի հիմքում կանգնած էին մեր ուսանողները: Շարժումը պատերազմի վերաճելուն պես մեր ուսանողները գրիչը փոխարինեցին զենքով ու նետվեցին հայրենիքի պաշտպանության առաջնագիծը՝ վերահաստատելու պատմական արդարությունն ու հայի արժանապատվությունը: Հաղթանակով պսակված պատերազմը, սակայն, անդառնալի կորուստներ պատճառեց: Մեր 72 ուսանողներ Արցախյան առաջին պատերազմում դարձան հավերժի ճամփորդներ:
 
2016 թ. ապրիլին սանձազերծված քառօրյա պատերազմի ժամանակ և դրան նախորդած սրացումներին ևս Արցախի մայր բուհի ուսանողները սահմանի թեժ կետերում էին: Ցավոք, այս ընթացքում ևս ունեցանք երեք անդառնալի կորուստներ:
2020 թ. սեպտեմբերի 27-ին բացված լուսաբացը աղետ գուժեց մեր ազգին: 44 օր տևած աղետաբեր պատերազմը խլեց Մայր բուհի 26 լույս տղաների կյանքեր:
ԱրՊՀ պուրակում մեր անմահացած հերոս ուսանողների հիշատակը հավերժացնող հուշակոթողից անխոս մեզ են նայում մեր լույս տղաները և պատգամում իրենց կիսատ թողածը շարունակելու, իրենց չապրածը ապրելու, իրենց երազանքները ի կատար ածելու, որն ամբողջության մեջ կոչվում է հայրենակերտում: Նրանք նահատակվեցին հանուն գաղափարի, որ ապրի Արցախը, ապրի հայեցի, որ դպրոցում հնչի մաշտոցյան ոսկեղենիկ մայրենին, որ եկեղեցում աղոթք մրմնջա հավատավոր հայը, որ յուրաքանչյուր ապրող յուրովի ապրեցնի հայրենիքը... Հավերժ փառք և պատիվ մեր անմահացած հերոսներին, հավերժ խոնարհում մեր հերոսածին մայրերին:
Նրանց հիշելն ու մեծարելը պետք է մեզ՝ ապրողներիս, և մենք ամեն պահ, ցանկացած գործ նախաձեռնելիս պետք է հիշենք նրանց, նրանց կատարած սխրանքը, որպեսզի մեր գործերով երբեք ամոթով չմնանք նրանց հիշատակի առջև, նրանց սխրանքի կողքին, որ արժանի լինենք նրանց թողածը ժառանգելու, պահելու ու պահպանելու, նրանց արյամբ մկրտված հայրենիքում ապրելու... Այս գիրքը մի յուրահատուկ հարգանքի տուրք է և խնկարկում ի հիշատակ հանուն հայրենիքի պաշտպանության հավերժի ճամփորդ դարձած մեր ուսանող-մարտիկների:
Հավերժ փառք, Ձեզ բացակա չենք դնի, մեր անմա՛հ հերոսներ...»: