Արցախի պետական համալսարան

Վերջին շրջանում մեծացել է դիմորդների հետաքրքրությունը «Հոգեբանություն» կրթական ծրագրի հանդեպ, ինչը վկայում են նաև նշված մասնագիտությամբ ԱրՊՀ ընդունվողների ցուցանիշները: Կրթական ծրագրի հանդեպ հետաքրքրությունն ամրապնդվում և մասնագիտական գիտելիքների ձեռքբերմանը նպաստում են նաև մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից պարբերաբար կազմակերպվող միջոցառումները:

Օրերս հոգեբանության և մանկավարժության ամբիոնի դասախոս Ռոզալյա Հարությունյանի նախաձեռնությամբ և «Հոգեբանություն» կրթական ծրագրի 1-ին և 3-րդ խմբերի սովորողների ընդգրկմամբ կազմակերպվել են բաց դաս-միջոցառումներ՝ 3-րդ կուրսեցիների հետ՝ «Անձի սահմանային վիճակներ, խանգարումներ» թեմայով, և «Կին հոգեբանների ներդրումը հոգեբանության գիտության զարգացման գործում» թեմայով՝ 1-ին կուրսեցիների հետ:
Միջոցառումները կազմակերպվել են տարբեր օրեր, բայց նպատակն ու ձևաչափը՝ ընդհանուր էր. ուսանողները թեմաների ուղղությամբ կատարել են ուսումնասիրություններ, հանդես եկել զեկուցումներով, որոնց շուրջ ծավալվել են քննարկումներ, նպատակը, Ռ. Հարությունյանի խոսքով, նպաստել ուսումնական գործընթացին, ուսանողների ինքնուրույն-հետազոտական ունակությունների զարգացմանը, խորացնել իրենց մասնագիտական գիտելիքները նաև ոչ ֆորմալ կրթության ձևաչափով:
Միջոցառումներին ներկա են եղել ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը, ամբիոնի վարիչ Էլլադա Բաղդասարյանը, ամբիոնի դասախոսներ, ովքեր կարևորել են նման միջոցառումների նշանակությունը ուսուցման գործընթացում և դրանց պարբերաբար կազմակերպումը համարել անհրաժեշտություն: