Արցախի պետական համալսարան

Ժողովրդավարության հայկական դպրոցի շրջանակում Արցախի պետական համալսարան է այցելել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոս, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը և հանդես եկել «Ազգային ինքնությունը որպես անվտանգային համակարգի կարևորագույն բաղադրիչ» թեմայով դասախոսությամբ: Ս. Պետրոսյանի խոսքով՝ Ժողովրդավարության հայկական դպրոցի շրջանակում նախատեսում են առաջիկայում լինել Արցախի տարբեր շրջաններում և հանդես գալ պրակտիկ դասախոսություններով, տարբեր ձևաչափերով միջոցառումներով, որոնք միտված կլինեն հողը չլքելու, հայրենիքը ապրեցնելու գաղափարին: Ծրագրի մեկնարկը տրվեց ԱրՊՀ-ից:

«Կա մի պատմական ճշմարտություն, ըստ որի՝ հողը պատկանում է նրան, ով այնտեղ ապրում է: Մեր միջոցառումները ուղղված են լինելու առաջին հերթին դրան, ինչպես նաև ինքնության գիտակցության բարձրացմանը, ինքնության կարևորմանը, սեփական դերի արժևորմանը, ինքնության ճգնաժամի հաղթահարմանը և՛ Արցախում, և’ ՀՀ-ում: Ամբողջ աշխարհում տեղի է ունենում ինքնության քաղաքականություն, որի հիմքում ընկած է պայքարը ճանաչողության համար, որ քեզ ճանաչեն որպես միավոր, որպես սուբյեկտ և պայքարը արժանապատվության համար»,-նշել է քաղաքագետը՝ կարևորելով ոչ թե ընդօրինակելը աշխարհում ընկալված որևէ հայտնի կաղապարի, այլ՝ սեփական դիմագիծն ունենալը:
«Մեր ողջ քաղաքականության հիմքում դրված է, որ մենք ուզում ենք արտաքին աշխարհին ներկայանա ինչ-որ կաղապարներով, իմիջով, բայց մենք ինքներս դրանով չենք սպասարկում մեր ազգային ու պետական շահը, այլ արտաքին աշխարհին ուզում ենք թվալ ինչ-որ մի կերպար, որը նրա կողմից ընկալված է»,-ասել է քաղաքագետը՝ անընդունելի համարելով դրսից ներմուծված ձևերի կրկնօրինակումը և հավելելով, որ երբեք ձևը չի բերում բովանդակության փոփոխության, այլ՝ հակառակը. «Նոր մոդելներ փնտրելն ու կրկնօրինակելը կործանարար հետևանքներ է ունենում: Այն պետությունը, ազգը, որը հրաժարվեց անցյալից, ապագա չի ունենա: Իր սեփական արժեհամակարգից հրաժարումը տանում է քաղաքակրթությունից վերացման»:
Բանախոսի կարծիքով՝ ինքնության խորքային ճգնաժամի արդյունք է նաև «Մենք այլևս գործոն չենք» մտածելակերպը:
Դասախոսության ընթացքում քաղաքագետը կարևորել է ազգային ինքնության պահպանման անհրաժեշտությունը՝ որպես անվտանգային համակարգի կարևորագույն բաղադրիչ՝ ընդգծելով մշակույթի դերը. «Մշակույթը միայն երգն ու պարը չեն, այլ՝ մշակույթը՝ որպես կյանքի կամ հարաբերությունների կարգավորման համակարգ: Երբ այդ մշակույթը խարխլվում է, մենք ունենում ենք ինքնության ճգնաժամ: Աշխարհում կա մի պարզ օրենք, ուժային քաղաքականություն՝ պետությունը կամ կա, կամ չկա, կարողանում է արդիականանալ, դառնալ հզոր, մրցունակ պետություն, իր սահմանների չափով, այդ դեպքում պետությունն ընկալված կլինի աշխարհի բոլոր պետությունների կողմից»,-եզրափակել է իր խոսքը Ս. Պետրոսյանը:
ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը շնորհակալություն է հայտնել քաղաքագետին դասախոսության համար:
Բանախոսը պատասխանել է նաև ուսանողների հարցերին: