Արցախի պետական համալսարան
Մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառումների շրջանակում ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները կուրսղեկ Զինաիդա Բալայանի ուղեկցությամբ այցելել են Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող թանգարան։
Այցի և տպավորությունների մասին պատմում է ուսանողուհի Մերի Դանիելյանը
Թանգարանը հիմնադրվել է 2002 թվականին՝ գրող, հասարակական գործիչ, Արցախյան ազատագրական պայքարի մասնակից, զոհված ազատամարտիկի մայր Գալյա Առստամյանի ջանքերի շնորհիվ։ Ստեղծման մտահղացումը ծագել է 1995 թվականին։ Յոթ տարի շարունակ նա, շրջելով գյուղ առ գյուղ, տուն առ տուն, հավաքել է զոհված ազատամարտիկների նկարներն ու կենսագրական տվյալները, ինչը վշտահար մոր համար չափազանց ծանր ու պատասխանատու գործ էր։ Արդյունքում ստեղծվեց թանգարանը, որը դարձավ սգավոր ծնողների ու հարազատների համար վշտի փարատման բալասան, ցավ ու արցունք կիսելու, ուրախ ու տխուր հիշողությունները վերապրելու հնարավորություն։
Այստեղ ամփոփված է մի ողջ սերնդի հաղթական պատմություն։
Յուրաքանչյուր հերոսի կենսագրությանը ծանոթանալիս մտովի նրա հետ ապրում ես իր անցած սխրալից ուղին, նրա հետ մարտի ես ելնում, նրա հետ՝ հերոսանում։
Այստեղ ամեն ինչ նրանց չապրած պահերի ու կիսատված կյանքի տխուր վկայությունն է։
Հերոսածին մոր ստեղծածը լոկ թանգարան չէ, այլ սրբավայր, որտեղ ոտքդ շեմին դնելիս մարմինդ փշաքաղվում է։ Չորս կողմից քեզ են նայում երեք հազար երեք հարյուր վաթսունութ զույգ խոսուն աչքեր ու նույնքան խոսուն հայացքներ։ Ու բոլորի շուրթերին նույն կոչ-պատգամն է՝ հայրենիքը չտա’ք թշնամուն, մեր արյամբ սրբացված հողերը չթողնե’ք նրանց, մեր գերեզմանները չթողնե’ք լքված։ Մի պահ քարանում ես, բայց միայն մի պահ. ներքին ձայնդ սթափեցնում է տիրաբար՝ դու պարտավո’ր ես ապրել, արարել այս հողում, քո ներկայությամբ, քո խոսքով ու գործով պահել հող հայրենին, դու պա’րտք ես նրանց։