Արցախի պետական համալսարան
Մայիսի 10-ին Արցախի պետական համալսարան է այցելել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պատվիրակությունը՝ դեկան, ի.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Ղազինյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են նաև ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Սամվել Դիլբանդյանը, քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Արմեն Հայկյանցը, ֆակուլտետի դասախոսներ:
Դեռևս 2017 թ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Արցախի պետական համալսարանի միջև կնքվել էր համագործակցության հուշագիր, որը նպատակ ունի նպաստել ԱրՊՀ-ում իրավաբանական կրթության կատարելագործմանը: Այցը համագործակցության հուշագրի շրջանակում է, որի ընթացքում ԵՊՀ մասնագետները ԱրՊՀ-ին են նվիրել մասնագիտական գրականություն և «Իրավագիտություն» կրթական ծրագրով սովորողների համար հանդես կգան դասախոսություններով:
ԱրՊՀ իրավագիտության ամբիոնի կայացման, մասնագիտական աջակցություն ցուցաբերելու և առհասարակ Արցախի պետական համալսարանի զարգացման գործում ունեցած ավանդի համար մայիսի 5-ին կայացած գիտական խորհրդի նիստում որոշում էր կայացվել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին շնորհել ԱրՊՀ «Պատվավոր դոկտոր»-ի կոչում:
Այսօր հանդիսավոր պայմաններում ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը Գագիկ Ղազինյանին է շնորհել «Պատվավոր դոկտոր»-ի կոչման վկայականն ու արժևորել նրա ներդրումը:
Ողջունելով ԵՊՀ պատվիրակությանը և շնորհակալություն հայտնելով նրանց՝ համագործակցությունն ակտիվ ու կենսունակ պահելու համար՝ ռեկտորը կարևորել է այդ գործակցության ուղղություններն ու դրանց ընդլայնումը նաև ակադեմիական շարժունության շրջանակներում ուսանողների փոխանակման ծրագրի իրագործման տեսանկյունից:
«Մեծ է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դերը ԱրՊՀ համապատասխան ամբիոնը բարձրորակ կադրերով համալրելու գործում, մասնագիտությունը զարգացնելու, հուշագրի շրջանակում դասախոսություններով պարբերաբար հանդես գալու, մասնագիտական գրականության աջակցության հարցերում: Այս բոլոր ձեռնարկումներում անուրանալի է պրոֆեսոր Գագիկ Ղազինյանի ներդրումը: Հաշվի առնելով այդ մեծ ավանդը՝ ԱրՊՀ գիտխորհուրդը իր գնահատանքը արտահայտել է Գ. Ղազինյանին «Պատվավոր դոկտոր»-ի կոչում շնորհելով»,-նշել է ռեկտոր Արմեն Սարգսյանը:
Իր հերթին Գագիկ Ղազինյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել ԱրՊՀ «Պատվավոր դոկտոր»-ի կոչում շնորհելու համար՝ ընդգծելով, որ իր գրոծընկերների հետ ամենայն պատրաստակամությամբ են ամեն անգամ այցելում Արցախի պետական համալսարան և ծրագրեր իրականացնում:
«Մեզնից յուրաքանչյուրի համար Արցախում լինելը հոգու կանչ է և պարտականություն: Համագործակցության հուշագրի շրջանակում մեր ծրագրերը իրավական հիմքեր ունեն, իսկ հուշագրից դուրս՝ այն ունի նաև բարոյական հիմքեր: Մենք մեր ուժերի չափով միշտ ԱրՊՀ կողքին ենք, պատրաստ՝ և՛ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու, և՛ գրականությամբ օժանդակելու, և՛ այն ամենով, ինչով կկարողանանք»,-նշել է Գ. Ղազինյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր հայ, մանավանդ այս օրերին, պարտավոր է իր ուժերի չափով նեցուկ կանգնել Արցախին՝ օգնելու ոչ միայն դժվարությունները հաղթահարելու, այլ նաև՝ կայուն զարգացման ուղի բռնելու:
Պրոֆեսոր Գագիկ Ղազինյանին շնորհավորել և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հետ համագործակցությունը բարձր են գնահատել իրենց ելույթներում ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Արմինե Խաչատրյանը և իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ. Տաթևիկ Գևորգյանը: