Արցախի պետական համալսարան

Մայիսի 13-ին ամփոփվեցին ԱրՊՀ-ում մեկնարկած ուսանողական գիտաժողովի աշխատանքները: Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱրՊՀ ռեկտորը, պրոռեկտորները, գիտաժողովի մասնախմբերի համանախագահները, մասնակից ուսանողներ: Առկա և հեռավար եղանակով գիտաժողովին մասնակցություն ունեցան 125-ից ավելի պատվիրակներ Արցախի պետական, Հայաստանի ամերիկյան, Հայ-ռուսական, ՀՊՏՀ, ՀՊՄՀ, ՎՊՄՀ, Հայաստանի ազգային ագրարային, Գավառի պետական, Գորիսի պետական և այլ համալսարաններից։

 
Ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր բուհերին, գիտաժողովի պատվիրակներին՝ ԱրՊՀ գիտաժողովին մասնակցելու և Արցախ այցելելու համար:
«Ընդունված է ասել, որ ապագան պատկանում է երիտասարդությանը, վստահ կարելի է ասել, որ ներկան ևս պատկանում է երիտասարդությանը: Ապահով ներկա և ապագա ունենալու համար շատ կարևոր է գիտության դերը, որի ուղղությամբ պետք է սկսել աշխատել արդեն ուսանողական տարիներից: Շնորհակալություն, որ մասնակցել եք գիտաժողովին և այս ծանր ժամանակներում այցելել եք Արցախ»,-նշել է ռեկտորը՝ ընդգծելով, որ գիտաժողովում հնչել են արդիական զեկուցումներ, որոնց արդյունքները կարող են նաև կիրառական նշանակություն ունենալ տարբեր ոլորտներում:
Մասնախմբային աշխատանքների մասին տեղեկատվություն են ներկայացրել ֆակուլտետների դեկանները՝ ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով աշխատանքների արդյունքներից:
 
Գիտաժողովի մասնակիցներին Արցախի պետական համալսարանի կողմից տրվել են հավաստագրեր և գրքեր:
Հայ-ռուսական համալսարանի ներկայացուցիչ Վիլեն Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ԱրՊՀ-ին գիտաժողովի կազմակերպման համար՝ մասնավորապես նշելով.«Գիտաժողովի ընթացքում ունեցանք հետաքրքիր և կառուցողական քննարկումներ: Հուսով եմ սա մեր համագործակցության սկիզբն է, հետագայում այն կշարունակվի և կամրապնդվի համատեղ նոր ծրագրերով»:
 
«Այս իրավիճակում ԱրՊՀ-ում լինելը, Արցախի շունչը զգալը մեծ պատիվ է: Շնորհակալություն եմ հայտնում այս հնարավորությունն ընձեռելու, գիտաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ սկսած դիմավորման արարողությունից մինչև աշխատանքների ամփոփում»,-նշել է ՀՊՄՀ-ն ներկայացնող մասնակից Հովհաննես Սարգսյանը:
 
Ամփոփելով գիտաժողովի արդյունքները՝ ռեկտորը տեղեկացրել է, որ զեկուցումները տպագրվելու են առանձին ժողովածուով, իսկ գիտաժողովին մասնակից ՀՀ բուհերի ուսանողներին հրավիրել է մասնակցելու ամռան ամիսներին կայանալիք ԱրՊՀ ամառային դպրոց-ճամբարին: