Արցախի պետական համալսարան
Մայիսի 16-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկել են ամփոփիչ ատեստավորման քննությունները, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները։
Ըստ ԱրՊՀ ուսումնական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Իրենա Խաչատրյանի՝ 2021-2022 ուստարում Մայր բուհն ավարտում է 484 ուսանող, որից բակալավրիատի առկա ուսուցման համակարգը՝ 247, հեռակա ուսուցման համակարգը՝ 109, իսկ մագիստրատուրան՝ 128 ուսանող:
 
ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանի խոսքով՝ բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են՝ քննաշրջանը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։
 
«Այս տարի նախապես բոլոր ավարտական աշխատանքներն ու մագիստրոսական թեզերն ուղարկել ենք հանձնաժողովի նախագահներին, որպեսզի նախապես ծանոթանան աշխատանքներին, և կարողանան ավելի օբյեկտիվ գնահատել դրանք»,-ասել է Գ. Սահակյանը՝ հավելելով, որ գործընթացն ընթանում է բնականոն հունով, էական խնդիրներ չեն արձանագրվել։
 
ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Լուսինե Մարգարյանի խոսքով՝ բոլոր նրանց համար, ովքեր ավարտական խմբերում ամփոփիչ որակավորման քննությունների պետք է մասնակցեն, կազմակերպվել են մեկշաբաթյա խորհրդատվական ժամեր, ևս մեկ անգամ քննարկվել են հարցատոմսերում ընդգրկված անհասկանալի հարցերը:
«Բավականին բարդ ժամանակահատված է բաժին հասել այս տարվա շրջանավարտներին: Կարծում եմ, որ մեծ դժվարությամբ և մեծ ծանրությամբ ենք համավարակի և պատերազմի շրջանները հաղթահարել, բայց այսօր արդյունքները պետք է որ չամաչեցնեն մեզ»,-ընդհանրացրել է Լ. Մարգարյանը:
 
Համաձայն գիտխորհրդի կողմից հաստատված 2021-2022 ուստարվա ուսումնական գործունեության օրացույցի՝ ամփոփիչ ատեստավորման քննությունները, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները կտևեն մինչև մայիսի 20-ը։