Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ իրավաբանական կլինիկայում շարունակվում են աշխատանքներն ակտիվ ընթանալ:
«Իրավագիտություն» մասնագիտությամբ սովորող ուսանողներին պրակտիկ գիտելիքներ փոխանցելուց բացի, կլինիկան շարունակում է նաև անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերել իրավական հարցով դիմող անվճարունակ քաղաքացիներին: Քաղաքացիներին ցուցաբերվող իրավաբանական աջակցությունն իրականացվում է ուսանողների անմիջական մասնակցությամբ և մասնագետ դասախոսի ու փաստաբան - դասընթացավարի վերահսկողությամբ:
Ուսանողների մասնագիտական գիտելիքների ու պրակտիկ կարողությունների զարգացմանը միտված բազմաբնույթ միջոցառումների կազմակերպումը կլինիկայի աշխատանքները համակարգողների որդեգրած սկզբունքներից են:
Հանդիպում-քննարկումներ իրավական ոլորտի պատասխանատու պաշտոնյաների, մասնագետների հետ, այցելություններ դատարաններ, մասնակցություններ դատական գործընթացներին, դասախոսություններ՝ այս և նմանատիպ այլ ձևաչափերով կազմակերպվող միջոցառումներով են հագեցած կլինիկայի ուսանողների համալսարանական առօրյան:
Հերթական միջոցառումը դասախոսություն-քննարկում ձևաչափով էր, որը վարել է հոգեբան Անահիտ Լալայանը:
Դասախոսության ընթացքում բանախոսն անդրադարձել է իրավաբանական հոգեբանությանը, խոսել մարդու հոգեկանի օրինաչափությունների, մարդ-իրավունք հարաբերությունների համակարգում հոգեկան երևույթներից, այդ համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ մասնագետների կատարած աշխատանքներից:
Դասախոսությունն ընթացել է քննարկումներով: