Արցախի պետական համալսարան

Մայիսի 18-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, բ.գ.դ., դոցենտ Զինաիդա Բալայանի նախաձեռնությամբ «Գրական բանավեճերը 1920-1960թթ.» դասընթացի շրջանակներում «Հայոց լեզու և գրականություն» մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողները կազմակերպել են գիտական սեմինար։

Սեմինարի ընթացքում ուսանողները հանդես են եկել գիտական զեկուցումներով. Նանիկ Աղասյանը՝ «Գրական բանավեճերը 70-ական թթ. արձակի շուրջ», Արգինե Սարգսյանը՝ «Գրական բանավեճերը 60-70-ական թթ. պոեզիայի շուրջ», Աքսաննա Համբարձումյանը՝ «Պերճախոսական հնարքներ», Լիլիանա Հայրիյանը՝ «Բանավեճի թույլատրելի հնարքներ», Մանե Գաբրիելյանը՝ «Բանավեճ ռեալիզմի նախահիմքերի շուրջ», Աննա Ավանեսյանը՝ «Բանավեճի արդյունավետությունը երաշխավորող կանոններն ու գործոնները», Դիանա Բալասանյանը՝ «Բանավեճի էությունը, տեսակներն ու դասակարգումը» թեմաներով։
 
«Դասընթացի շրջանակներում մենք ամբողջական պատկերացում ենք կազմել ինչպես 60-70-ականների, այնպես էլ 1920-ական թվականների գրական բանավեճերի և հարկից հարցերի մասին: Գիտական սեմինարն առիթ էր՝ դասընթացից ստացած մեր գիտելիքները ներկայացնելու»,- նշել է ուսանողուհի Աքսաննա Համբարձումյանը։
Ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Ն. Դավթյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին ու միջոցառումը նախաձեռնող դասախոսին՝ կարևորելով ուսուցման գործընթացում նման միջոցառումների դերը:
Միջոցառման նախաձեռնող Զ. Բալայանը կարևորել է ուսանողների ակտիվությունը նաև գիտաճանաչողական միջոցառումներին մասնակցելու և իրենց ստացած գիտելիքները հանրությանը ներկայացնելու տեսանկյունից:
Զեկուցումներից հետո ծավալվել են քննարկումներ՝ թեմաներում արտահայտած հարցերի շուրջ, որի ընթացքում մտքեր են փոխանակել սեմինարին ներկա դասախոսներն ու ուսանողները: