Արցախի պետական համալսարան

Մայիսի 18-ին Արցախի պետական համալսարանում ամփոփվել են բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Ռուսաց լեզուն՝ որպես մշակույթի լեզու» խորագրով օլիմպիադայի արդյունքները և պարգևատրվել մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները:

 
Օլիմպիադային մասնակցություն էին ցուցաբերել Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների 9-10-րդ դասարանների չորս տասնյակ աշակերտներ։ Բոլոր մասնակիցները խրախուսվել են հավաստագրերով:
Մրցանակային 1-ին տեղը զբաղեցրել են Սլավա Սեյրանյանը (հ.11 դպրոց) և Մարիաննա Բաբայանը (հ. 3 դպրոց), 2-րդ տեղը՝ Մարիամ Հարությունյանը (Ֆիզմաթ դպրոց) և Ալիսա Ղազարյանը (հ. 3 դպրոց), 3-րդ տեղը՝ Մարիյա Լալայանը (հ. 11 դպրոց) և Արկադի Ալուխանյանը (հ. 3 դպրոց): Նշենք, որ համար 3 ռուսական դպրոցի աշակերտների հարցաշարերը կազմվել էին բարդության առանձին աստիճանով՝ հայկական դպրոցների աշակերտների հարցաշարերի համեմատ:
 
ԱրՊՀ ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Ինգա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել օլիմպիադային մասնակցած բոլոր աշակերտներին ու նրանց դասավանդող ուսուցիչներին՝ ակտիվ մասնակցության և գոհացուցիչ արդյունքներ ցուցաբերելու համար: Շնորհավորելով մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին՝ ԱրՊՀ ռեկտորի կողմից նրանց պարգևատրել է պատվոգրերով ու արժեքավոր գրքերով:
Իր խոսքում նա հույս է հայտնել, որ այս ձևաչափում դպրոցականների հետ առաջին, բայց վերջին համագործակցությունը չէ, այն շարունակական կլինի, իսկ աշակերտներն էլ բարձրագույն կրթություն ստանալու համար հետագայում կընտրեն Արցախի պետական համալսարանը:
Օլիմպիադայում մրցանակային առաջին տեղը զբաղեցրած Սլավա Սեյրանյանը, շնորհակալություն հայտնելով օլիմպիադայի համար, նշել է, որ մեծ հետաքրքրությամբ ու սիրով է այս տարի սկսել մասնակցել տարբեր օլիմպիադաների, այդ թվում նաև՝ ՀՀ-ում:
Նրա խոսքով՝ ԱրՊՀ օլիմպիադայի հարցաշարը բավական հետաքրքիր էր կազմված, որը ստուգում էր ոչ միայն առարկայից ստացած գիտելիքները, այլ նաև՝ թե որքան է տվյալ լեզուն հարազատ: «Հետաքրքիր ու բովանդակալից էին բոլոր հարցերը: Առանձնահատուկ հետաքրքիր էր դարձվածներին վերաբերող հարցը: Հետագայում հաջողության դեպքում մասնագիտություն ստանալու համար կընտրեմ Արցախի պետական համալսարանը»,-նշել է նա՝ դպրոցականների համար կարևորելով բուհի կողմից կազմակերպվող նմանատիպ միջոցառումները:
Վերջում դասախոսները աշակերտների հետ քննարկել են օլիմպիադայում ընդգրկված հարցերի պատասխանները, տվել անհրաժեշտ պարզաբանումներ: