Արցախի պետական համալսարան
Մայիսի 21-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվիրակությունն այցելել է Արցախի պետական համալսարան և հանդիպում ունեցել համալսարանի ստորաբաժանումների պատասխանատուների հետ։
Պատվիրակության կազմում էին ՀԱՀ գրադարանի տնօրեն Սաթենիկ Ավագյանը, ՏՏ ոլորտի մասնագետներ Գայանե Սարգսյանը, Լևոն Խաչատրյանը, գրանցմամ բաժնի պետ Շաղիկ Արծրունին։
Այցի նպատակն էր ԱրՊՀ հիմնանորոգված շենք տեղափոխվելու հետ կապված բուհում նոր ծրագրեր ներդնելու գործում մասնագիտական և այլ աջակցություն ցուցաբերելու աշխատանքների քննարկումն ու ճշգրտումը։
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ողջունելով ՀԱՀ ներկայացուցիչներին, շնորհակալություն է հայտնել նրանց՝ ԱրՊՀ այցելելու և համագործակցելու համար՝ կարևորելով ՀԱՀ դերը ԱրՊՀ զարգացման գործում։
ՀԱՀ գրադարանի տնօրեն Սաթենիկ Ավագյանը համալսարանականներին է ներկայացրել հիմնանորոգված շենքում նորարարական գրադարան ունենալու ծրագիրը, գրադարանի նախագիծը, ներդրվող ծրագրերը և քննարկել ծրագրի հետ կապված մանրամասներ։
«Խնդիրներին ծանոթացել ենք արդեն։ Նախատեսում ենք ԱրՊՀ աշխատակազմից մի քանի հոգու հետ վերապատրաստման դասընթացներ անցկացնել ՀԱՀ-ում՝ ներդրվող ծրագրերի հետ կապված հմտություններ փոխանցելու նպատակով։ Անչափ ոգևորված եմ, որ ԱրՊՀ-ն կունենա նոր շենք, նոր գրադարան և պատրաստ եմ իմ աջակցությունը ցուցաբերել այս գործում»,-նշել է Ս. Ավագյանը՝ տեղեկացնելով, որ ՀԱՀ-ն գրքերի մի խմբաքանակ արդեն նվիրել է ԱրՊՀ-ին, կկատարվի գրքերի թվայնացում, կներդրվի «Կոհա» համակարգը, կգործի էլեկտրոնային սպասարկման համակարգ և ԱրՊՀ-ում կգործի նորարարական չափանիշներին համապատասխանող գրադարան, ինչը կնպաստի կրթության որակի բարձրացմանը։
«Հայաստանի ամերիկյան համալսարանն ուզում է աջակցել ԱրՊՀ-ին։ Մեր թիմն այստեղ է՝ հասկանալու համար, թե ցանցային սպասարկման մասով ինչ տեխնիկական սարքավորումներ և ինչ ծրագրեր են անհրաժեշտ, որպեսզի հնարավորության սահմաններում աջակցենք»,-նշել է ՀԱՀ ՏՏ ոլորտի մասնագետ Գ. Սարգսյանը։
ՀԱՀ ներկայացուցիչները շրջել են հիմնանորոգված մասնաշենքում, քննարկումներ ունեցել առանձին ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, նախանշել անելիքները։