Արցախի պետական համալսարան
Արցախի պետական համալսարանում այս օրերին ընթանում են բակալավրիատի առկա համակարգի 2-րդ կիսամյակի քննաշրջանի 2-րդ փուլի ընթացիկ ստուգումները, որոնք մեկնարկել էին մայիսի 16-ից և կտևեն մինչև մայիսի 27-ը:
Ինչպես տեղեկացնում է ԱրՊՀ ուսումնական աշխատանքների վերահսկման բաժինը, քննաշրջանն ընթանում է բնականոն հունով, սահմանված կարգին համապատասխան, որևէ էական խնդիր չի արձանագրվել, արձանագրված խնդիրները տեխնիկական բնույթի են եղել, որոնք տեղում լուծվել են համակարգչային սպասարկման բաժնի աշխատակիցների կողմից:
Ընթացիկ փուլի ստուգումները կազմակերպվում են համակարգչային եղանակով՝ թեստային մեթոդով: Յուրաքանչյուր տարի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղղորդմամբ ու վերահսկմամբ վերանայվում են թեստերը, թարմացվում, նախորդ տարիներին նկատված թերացումները շտկվում ու տարեցտարի կատարելագործում:
Քննաշրջանի 2-րդ ընթացիկին զուգահեռ ընթանում է նաև կուրսային աշխատանքների և ստուգարքների հանձնման գործընթացը:
Ըստ գիտխորհրդի կողմից հաստատված ուսումնական գործունեության օրացույցի՝ 1-ին լուծարքի շրջան է սահմանվել հունիսի 20-24-ը, իսկ 2-րդ՝ օգոստոսի 22-26-ը: