Արցախի պետական համալսարան
Հունիսի 3-ին Արցախի պետական համալսարանի հոգեբանական կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին հոգեբաններ, դասախոսներ, «Հոգեբանություն» կրթական ծրագրի շրջանավարտներից ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում ներկաները լսել են ուսումնական տարվա ընթացքում հոգեբանական կենտրոնի կողմից կատարված աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն, քննարկել խնդիրները, նախանշել անելիքները:
Խոսելով ոլորտում առկա խնդիրներից՝ ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանը կարևորել է հոգեբանի աշխատանքը, կարող ուժերի համախմբումն ու ներկայացրել իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղիների իր տեսակետը:
Պրոռեկտորի խոսքով՝ հոգեբանական կենտրոնն այս տարիներին իրականացրել է արդյունավետ աշխատանք, սակայն չպետք է բավարարվել եղածով ու արձանագրված արդյունքներով, այլ այն պետք է տարեցտարի կատարելագործել՝ ընդլայնելով և՛ աշխարհագրությունը, և՛ ծավալը, և՛ աշխատանքների ուղղությունները՝ առանցքում պահելով Արցախում հոգեբանական հիմնախնդիրներն ու դրանց լուծումները:
Հանդիպման ընթացքում քննարկման մասնակիցները հնչեցրել են կարծիքներ և առաջարկություններ՝ հոգեբանական աշխատանքների որակի շարունակական բարելավման նպատակով, լրացրել հարցաթերթիկներ, որոնց արդյունքների վերլուծումն ու ամփոփումն առաջիկայում իրականացվելիք ծրագրերի համար կդառնան հիմք: