Արցախի պետական համալսարան
Մեկնարկել են ԱրՊՀ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունները: ԱրՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի տվյալներով՝ 2021-2022 ուստարում բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման համակարգն ավարտում է 356, իսկ մագիստրատուրան՝ 145 շրջանավարտ:
Դիպլոմների հանձնման արարողությունները բուհում յուրաքանչյուր տարի կազմակերպվում է հանդիսավոր պայմաններում: Այս ուստարվա առաջին հանդիսավոր արարողությունը մանկավարժության և սպորտի ֆակուլտետում էր, որը տեղի ունեցավ հունիսի 13-ին՝ ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Համալսարանականները ծաղիկներ են խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով ի հիշատակ հանուն հայրենիքի պատերազմներում անմահացած քաջորդիների:
2021-2022 ուստարում ֆակուլտետը թողարկում է բակալավրիատի և մագիստրատուրայի 93 շրջանավարտ:
Ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը, շնորհավորելով բոլոր շրջանավարտներին, մաղթել է նրանց շարունակական ձեռքբերումներ և հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Դեկանը բարձր է գնահատել ուսումնառության ընթացքում շրջանավարտների ձեռք բերած գիտելիքները՝ հիմք ընդունելով ամփոփիչ ատեստավորման ընթացքում քննությունների, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունների արդյունքներն ու հանձնաժողովների նախագահների կարծիքները:
«Աշխատաշուկան անընդհատ փոփոխվող միջավայր է, և այն պահանջում է պարբերական ուսումնասիրություն: Մենք պարբերաբար կատարում ենք աշխատաշուկայի և դրա պահանջների ուսումնասիրություն՝ բուհի կրթական ծրագրերը արդիականացնելու նպատակով: Վստահաբար կարող ենք ասել, որ համալսարանը կարողանում է աշխատաշուկայի պահանջները բավարարող մասնագետներ թողարկել»,-նշել է դեկանը՝ շրջանավարտներին հորդորելով չբավարարվել բուհում ձեռք բերած գիտելիքներով, անընդհատ լինել որոնող և մշտապես պահել կապը համալսարանի հետ:
ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը ևս շնորհավորել է շրջանավարտներին՝ հորդորելով մշտապես պահել հետադարձ կապը բուհի հետ:
«Այսօր տոնական օր է մեր շրջանավարտների համար: Նրանք ստանում են իրենց ավարտական վկայականները: Ցավոք, այս տարվա շրջանավարտներին աղետալի պատերազմի հետևանքով բաժին հասավ դժվար ժամանակաշրջան: Բայց համատեղ կարողացանք հաղթահարել դժվարությունները»,-նշել է պրոռեկտորը՝ վստահություն հայտնելով, որ շրջանավարտները կկարողանան իրենց մասնագիտական գործունեությամբ նպաստել հայրենիքի զարգացմանը:
Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Էլլադա Բաղդասարյանի շնորհավորանքը նաև կոչ-հորդոր էր շրջանավարտներին՝ կյանքում դժվարությունների առջև չընկրկելու վերաբերյալ. «Միշտ հիշեք, որ Ձեր ամենաուժեղ թիկունքը Ձեր գիտելիքն է, իմացությունը: Շարունակեք Ձեր գիտելիքները հարստացնել ամեն օր ինքնակրթությամբ և կնվաճեք բարձունքներ»:
 
Շրջանավարտ Անի Արզումանյանը շնորհակալություն է հայտնել բուհի պրոֆեսորադասախոսական կազմին՝ ուսումնառության տարիներին ստացած գիտելիքների համար. «Այս տարիների ընթացքում կարողացանք մեր դասախոսներից ստանալ անհրաժեշտ գիտելիքներ, մանկավարժական որակներ ու հմտություններ, որի շնորհիվ մենք կկարողանանք բուհում ստացածը վստահ կիրառել մեր մասնագիտական գործունեության ընթացքում: Մաղթում եմ խաղաղություն մեր հայրենիքին, որպեսզի բոլորս ապրենք և արարենք Արցախում, որ հետագա սերունդները ևս կարողանան կրթություն ստանալ Արցախի պետական համալսարանում»:
 
Դիպլոմների հանձնման արարողություն է նախատեսվում նաև մյուս ֆակուլտետներում:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին տեղի կունենա տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, հունիսի 15-ին՝ բանասիրական, հունիսի 16-ին՝ պատմության և իրավագիտության, բնագիտական ֆակուլտետներինը: