Արցախի պետական համալսարան
Տնտեսագիտության ֆակուլտետում շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը տեղի ունեցավ հունիսի 14-ին՝ ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Համալսարանականները մեկ րոպե լռությամբ ու ծաղիկների խոնարհմամբ հարգեցին նահատակների հիշատակը՝ նախքան արարողության մեկնարկը:
2021-2022 ուստարում տնտեսագիտության ֆակուլտետը թողարկում է բակալավրիատի ու մագիստրատուրայի առկա և հեռակա համակարգերի 88 շրջանավարտ:
Դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությանը ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գերոգի Սահակյանը, շնորհավորելով շրջանավարտներին, կարևորել է տնտեսագետի մասնագիտության անհրաժեշտությունն ու վստահություն հայտնել, որ այս տարվա շրջանավարտները կկարողանան ձեռք բերած մասնագիտական կարողությունների շնորհիվ իրենց ոլորտում ծառայել հայրենիքին ու նպաստել Արցախի զարգացմանը:
«Սիրելի՛ շրջանավարտներ, դուք կարողացաք ձեր դասախոսների հետ համատեղ հաղթահարել այս շրջանում մեզ պատուհասած համավարակի ու աղետալի պատերազմի հետևանքով առաջացած դժվարությունները: Այսուհետ ևս մեզնից յուրաքանչյուրը պիտի ավելի լավ աշխատի իր ոլորտում, որ ապրի Արցախը, ապրենք Արցախում: Ապրեք Արցախում, ընտանիքներ կազմեք ու շատ երեխաներ ունեցեք»,-նշել է Գ. Սահակյանը:
Տնտեսագիտության դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը, շնորհավորելով շրջանավարտներին, խորհրդանշական է համարել հուշակոթողի մոտ արարողությունն անցկացնելը՝ հուշակոթողը բնորոշելով որպես հայության հերոսական պայքարի խոսուն վկայություն, որը մշտապես իր պատգամներն է հղում ապրողներին:
«Ուսումնառության տարիներին այս տարվա մեր շրջանավարտներն ունեցան վերելքների ու վայրէջքների շրջաններ, բայց պատվով հաղթահարեցինք բոլոր դժվարությունները: Մեր ժողովուրդը ևս պատմության ընթացքում ունեցավ վերելքի ու վայրէջքի շրջաններ: Ես հավատում եմ, որ դեռ կունենանք լուսավոր օրեր, և դուք կձգտեք արժանի շարունակողը լինել մեր հերոսական ժողովրդի երթի՝ ապրելով ու արարելով Արցախում»,-ասել է Ռ. Մանգասարյանը՝ շրջանավարտներին հորդորելով լավ մասնագետ լինելուց բացի, միշտ ձգտել լինել նաև լավ մարդ:
«Տնտեսագիտության ֆակուլտետը միշտ հպարտացել է իր շրջանավարտներով, քանի որ բոլոր այս տարիներին մեր թողարկած մասնագետները լավագույնն են եղել իրենց վստահված բնագավառներում: Այս տարի ևս մենք թողարկում ենք լավ մասնագետներ, որոնց կարիքը ամբիոնը մշտապես կզգա»,-ուսանողներին շնորհավորել է նաև ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանը:
Շրջանավարտ Տաթև Ղարիբյանի խոսքը երախտագիտություն էր համալսարանին ու ֆակուլտետի դասախոսական կազմին.«Ուսումնառության տարիներին մենք ունեցել ենք անմոռանալի ուսանողական օրեր, որոնք միշտ կհիշենք: Հետաքրքիր միջոցառումները ևս նպաստել են, որ ձեռք բերենք փորձ, հմտություններ: Բուհում իմ դասախոսներից ստացել եմ անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ, որի համար շնորհակալությունս եմ հայտնում նրանց»:
Շրջանավարտ Մարիամ Գևորգյանը 2019-2020 ուստարվա ԱրՊՀ «Լավագույն շրջանավարտ» մրցույթի հաղթողն էր, ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության ակտիվ անդամներից մեկը, ում ուսանողական առօրյան հագեցած էր բազմաբնույթ միջոցառումներով: Ասում է՝ կարոտով է հիշելու մայր բուհն ու ուսանողական առօրյան. «Շնորհակալություն եմ հայտնում Արցախի պետական համալսարանին՝ ուսանողների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, մեզ սատարելու համար, առանձնահատուկ շնորհակալություն տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսներին՝ մեզ տված գիտելիքների, հմտությունների ու կարողությունների համար»:
Միջոցառմանը հնչել են ելույթներ, ասմունք:
Դիպլոմների հանձնման արարողություն է նախատեսվում նաև մյուս ֆակուլտետներում:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին տեղի կունենա բանասիրական ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը,, հունիսի 16-ին՝ պատմության և իրավագիտության, բնագիտական ֆակուլտետներինը: