Արցախի պետական համալսարան
Պատմության և իրավագիտության ֆակուլտետը 2021-2022 ուստարում թողարկում է բակալավրիատի և մագիստրատուրայի 98 շրջանավարտ: Շրջանավարտների դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց լռության րոպեով ու ծաղիկներ խոնարհելով ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակին:
Շրջանավարտներին ելույթներով շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել ԱրՊՀ գիտության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր Վալերի Ավանեսյանը, ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Արմինե Խաչատրյանը, կերպարվեստի և գծագրության ամբիոնի վարիչ, ԱՀ վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Լավրենտ Ղալայանը, պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանը, իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ. Տաթև Գևորգյանը:
Դասախոսները բարձր են գնահատել այս տարվա շրջանավարտների մասնագիտական գիտելիքները՝ վստահություն հայտնելով, որ նրանք կկարողանան լավագույնս դրսևորել բուհում ստացած գիտելիքներն իրենց մասնագիտական բնագավառներում:
«Մեր թողարկած իրավաբանները, պատմաբանները, քաղաքագետները և արվեստագետները լուրջ անելիք ունեք մեր հայրենիքի շենացման գործում: Պատմաբանի առաքելությունը սերունդներին ճիշտ ուղղորդելն է, անցյալը արժևորելը, սխալները վեր հանելը և դրանք չկրկնելու դասը տալը: Իրավաբանի սրբագույն պարտքն է գործել օրենքի գերակայությամբ, արդարության սկզբունքը դարձնել անշրջելի: Քաղաքագետի առաքելությունը իր պետության, ազգի ճիշտ զարգացման ռազմավարություն մշակելն է: Իսկ արվեստագետը խնդիր ունի հարստացնել իր նախնյաց թողած մշակութային ժառանգությունը: Բարի երթ մեր շրջանավարտներին իրենց բարդ ու պատասխանատու բնագավառներում»,- մասնավորապես նշել է դեկան Արմինե Խաչատրյանը:
  
«Իրավագիտություն» մասնագիտությամբ բակալավրիատի շրջանավարտ Պարույր Մարտիրոսյանն ուսանողների անունից շնորհակալություն է հայտնել համալսարանին ու դասախոսական կազմին՝ նշելով. «Չափազանց հուզիչ պահ է: Մեծ պատասխանատվություն ենք զգում, որ ավարտել ենք Արցախի պետական համալսարանը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ձգտի անել առավելագույնը, որպեսզի կարողանանք լավագույնս մեզ դրսևորել: Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, և հիշենք, որ յուրաքանչյուր վերջ մի նոր սկիզբ է, բարի երթ բոլորիս»: