Արցախի պետական համալսարան
Համալսարանում ձևավորված բարի ավանդույթին հավատարիմ՝ բնագիտական ֆակուլտետի շրջանավարտների ավարտական վկայականների շնորհման արարողությունը ևս մեկնարկեց ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով և հարգանքի տուրք մատուցելով:
2021-2022 ուստարում ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետը թողարկում է բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգերի 127 շրջանավարտ:
Դիպլոմների շնորհման արարողությանը ներկա էին ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ֆակուլտետի ղեկավար կազմը, դասախոսներ:
Ուսանողների հետ տարվող աշխատանքների պատասխանատու Վիտյա Յարամիշյանն իր շնորհավորանքի խոսքը սկսեց հավերժի ճամփորդ դարձած ուսանողների սխրանքը գնահատող խոսքերով:
«Մեր հավերժի ճամփորդ դարձած տղաներին շնորհակալություն, որ նրանք իրենց կյանքի գնով ապահովեցին մեր գործելու, սովորելու, համալսարանն ավարտելու իրավունքը: Նրանց շնորհիվ ենք այսօր կարողանում ապրել Արցախում և շարունակել մեր առօրյա գործընթացը: Մենք պետք է մեր գործերով շարունակենք իրականացնել նրանց կիսատ թողածը»,-նշել է պրոռեկտորը՝ շրջանավարտներին շնորհավորելով բուհն ավարտելու առթիվ և մաղթելով խաղաղ երկնքի ներքո մասնագիտական գործունեության իրականացում:
Դեկան Վոլոդյա Միրզոյանը, իր ելույթում կարևորելով բնագիտական ուղղվածության մասնագետների անհրաժեշտությունն Արցախում, գոհունակություն է հայտնել այս ուստարում թողարկած շրջանավարտների մասնագիտական կարողություններից:
«Բնական գիտությունների գծով մեր թողարկած մասնագետների կարողությունները անհրաժեշտ են Արցախի Հանրապետության համար: Վստահ եմ, որ նրանք կարողանալու են իրենց գիտելիքները ծառայեցնել հանուն մեր հայրենիքի զարգացման: Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին և հորդորում եմ երբեք չհեռանալ Արցախից և ապրել ու արարել Արցախում»,-նշել է դեկան Վ. Միրզոյանը՝ պատրաստակամություն հայտնելով շրջանավարտներին մասնագիտական աջակցություն ցուցաբերել նաև հետբուհական շրջանում՝ մասնագիտական գործունեություն իրականացնելիս:
 
 
«Աշխարհագրություն» մասնագիտությամբ բակալավրիատի շրջանավարտ Մարիամ Մինասյանն ուսանողության անունից շնորհակալական խոսք է հղել դասախոսական կազմին. «Շնորհակալություն բոլորին այս տարիների ընթացքում մեր կողքին լինելու համար։ Եղել են լավ ու վատ օրեր, բայց դա հաղթահարել ենք միասնական ուժի շնորհիվ։ Համոզված եմ, որ բոլոր կուրսերն էլ լավն են, բայց ես ուզում եմ առանձնացնել իմ կուրսին, որովհետեւ այն ինձ համար ամենալավն է։ Մենք այս տարիներին ձեռք բերեցինք ոչ միայն գիտելիքներ, այլ նաև՝ լավ ընկերներ, անմոռանալի հիշողություններ: Ու կապ չունի՝ ինչ գույն ունի քո չարչարանքի արդյունքը (դիպլոմը), կարևորը՝ այն ծառայի հանուն հայրենիքի»։