Արցախի պետական համալսարան

Հարգելի՛ պարոն Քեշիշյան,

Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝  Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ ընտրվելու առթիվ: Մեծ է Ձեր ավանդը Արցախի Հանրապետությունում երաժշտարվեստի զարգացման, արվեստի միջոցով ազգային-հայրենասիրական ճշմարիտ գաղափարներով սերունդներ դաստիարակելու գործում: Ուզում եմ առանձնացնել հատկապես Ձեր արդյունավետ համագործակցությունը Արցախի պետական համալսարանի հետ, որի շնորհիվ այս տարիների ընթացքում Դուք դարձել եք Արցախի Մայր բուհի հարազատ բարեկամներից մեկը:

Կարևորում եմ նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության հայանպաստ գործունեությունը ինչպես աշխարհասփյուռ հայության, այնպես էլ՝ Արցախի Հանրապետության համար: Բազմաթիվ կրթամշակութային ծրագրեր են կյանքի կոչվել Արցախի պետական համալսարանի և Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի համատեղ ջանքերով: Լիահույս եմ, որ մեր համագործակցությունը շարունակական կլինի, և  Ձեր շնորհիվ այն զարգացման նոր փուլ կթևակոխի՝  ի նպաստ մեր հայրենիքի բարօրության, կրթամշակութային կյանքի զարգացման:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և արդյունավետ գործունեություն ստանձնած բարդ ու պատասխանատու առաքելության ընթացքում: