Արցախի պետական համալսարան

Հունիսի 21-23-ը Արցախի պետական համալսարանի իրավաբանական կլինիկայի պատվիրակությունը աշխատանքային այցով ՀՀ-ում էր։ Պատվիրակության կազմում էին ԱրՊՀ իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ. Տաթև Գևորգյանը, իրավաբանական կլինիկայի համակարգող Լիանա Մայիլյանը և կլինիկայի փաստաբան Աշոտ Ապրեսյանը։

Այցի ընթացքում կլինիկայի մասնագետները հանդիպում են ունեցել Ամերիկայի հայ փաստաբանների միության հետ։ Միության հովանավորությամբ արդեն հինգ տարի է՝ գործում է ԱրՊՀ իրավաբանական կլինիկան և անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերում դրա անհրաժեշտությունն ունեցող անվճարունակ քաղաքացիներին, ինչպես նաև նպաստում «Իրավագիտություն» կրթական ծրագրով սովորող ուսանողների գործնական հմտությունների զարգացմանն ու մասնագիտական փորձի ձեռքբերմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ամերիկայի հայ իրավաբանների միության և ԱրՊՀ իրավաբանական կլինիկայի հետագա համագործակցության և դրա ամրապնդմանն ուղղված հարցեր։
Կլինիկայի աշխատակիցները ներկայացրել են հինգ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, ձեռքբերումները, առկա խնդիրները։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խնդիրների արդյունավետ լուծման ուղիների և սեպտեմբեր ամսից առցանց դասախոսությունների շարք մեկնարկելու
վերաբերյալ։ ԱՄՆ հայ իրավաբանների կողմից անցկացվող առցանց դասախոսությունները միտված կլինեն կլինիկայում ընդգրկված ուսանողների տեսական և մասնավորապես՝ գործնական հմտությունների զարգացմանը։
«Հայ իրավաբանների միության ներկայացուցիչների հետ մեր հանդիպումը շատ արդյունավետ էր, քանի որ այդ ընթացքում ոչ միայն խոսեցինք կլինիկայի գործունեության մասին, այլև՝ պայմանավորվածություններ ձեռք բերեցինք հետագայում համագործակցությունն ավելի ամրապնդելու։
Արցախի պետական համալսարանի պատվիրակության անունից շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին և ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանին՝ նման հնարավորություն ընձեռելու համար»,- նշել է Տաթև Գևորգյանը։