Արցախի պետական համալսարան
Հունիսի 30-ին տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանի 2021-2022 ուստարվա տարեվերջյան գիտխորհրդի նիստը, որը վարում էր ռեկտոր Արմեն Սարգսյանը։ Նիստը մեկնարկել է պարգևատրման արարողությամբ։
ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս Զինաիդա Բալայանը պարգևատրվել է «ԱրՊՀ 50-ամյակ» հուշամեդալով՝ ՀՀ ԲՈԿ-ի կողմից դոկտորի գիտական աստիճան ստանալու և ԱրՊՀ-ում ունեցած երկարամյա վաստակի համար։
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհավորել է Զ․ Բալայանին՝ ընդգծելով նրա երկարամյա գործունեությունը բուհում։
Զինաիդա Բալայանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռեկտորին ու նիստի անդամներին․«Մեծ խիզախում էր երեք պատերազմների ընթացքում ուսումնասիրություն կատարել և հրատարակել «Արցախը 19-րդ դարի գրականության մեջ» աշխատությունը։ Հպարտ եմ, որ կարողացել եմ մայր բուհին իմ նպաստը բերել։ Այս պարգևն ու իմ հաջողությունը համարում եմ Արցախ աշխարհինը»։
Օրակարգի առաջին հարցը 2021-2022 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննությունների, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքների մասին էր։ Հարցը ներկայացրել է ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը։ Պրոռեկտորի խոսքով՝ ընդհանուր առմամբ ամփոփիչ ատեստավորման բոլոր քննությունները անց են կացվել կազմակերպված, առանց որևէ արտառոց դեպքերի։
«Նշեմ նաև, որ այս անգամ մեզ հաջողվեց բոլոր հանձնաժողովների նախագահներին նախապես ծանոթացնել ավարտական աշխատանքներին և մագիստրոսական թեզերին, ինչպես նաև քննական հարցաշարերին։ Բացի դրանից, կիրառվել է նաև գնահատման նոր մեթոդաբանություն, որը թույլ տվեց ավելի օբյեկտիվ գնահատել աշխատանքները։ Գնահատականներից բողոքողներ չեն եղել»,-նշել է Գ․ Սահակյանը՝ հավելելով, որ հանձնաժողովների նախագահները ընդհանուր առմամբ գոհունակություն են հայտնել առկա ուսուցման համակարգի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի վերաբերյալ, ինչը չի կարող ասել հեռակա ուսուցման համակարգի մասին։
Գ․ Սահակյանը նիստին ներկայացրել է նաև ամփոփ տեղեկատվություն 2021-2022 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին։
Օրակարգի հաջորդ հարցերով նիստը հաստատել է 2022-2026 ուսումնական տարվա բակալավրիատի առկա ուսուցման, 2022-2024 ուսումնական տարվա մագիստրատուրայի առկա ուսուցման, 2022-2027 ուսումնական տարվա բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգերի կրթական ծրագրերը (հարցը ներկայացնող՝ Գ․ Սահակյան), մասնագիտության կրթական ծրագրի ղեկավարման կարգը (հարցը ներկայացնող՝ Շ. Այդինյան, Շ․ Սաղյան), տպագրության են երաշխավորվել մի շարք աշխատություններ և ուսումնամեթոդական ձեռնարկներ։
Օրակարգային հարցերից էր նաև ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչի, ռուսաց լեզվի և գրականության, մանկավարժության և հոգեբանության ամբիոնների դոցենտների ընտրությունն ու արդյունքների հաստատումը։
Ընտրությունների արդյունքներով ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչի պաշտոնում վերընտրվել է տ․գ․թ․, դոցենտ Նարինե Ավանեսյանը, ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ՝ մ․գ․թ․Ինգա Հակոբյանը, մանկավարժության և հոգեբանության՝ մ․գ․թ․Արմինե Բաղդասարյանը։
Այլ հարցերում գիտխորհուրդը քվեարկել և հաստատել է ԱրՊՀ գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, բ․գ․թ․ Նոնա Դավթյանին դոցենտի կոչում շնորհելու և այն ԲՈԿ-ի վավերացմանը ներկայացնելու հարցը։