Արցախի պետական համալսարան
Պատերազմի և համավարակի պատճառով երկամյա դադարից հետո Ստեփանակերտում  հուլիսի 11-ին մեկնարկել են Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից անցկացվող քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ամենամյա դասընթացները։
Այս տարի հայտարարված մրցույթում, որպես կազմակերպիչ, հաղթող է ճանաչվել Արցախի պետական համալսարանը, որտեղ էլ հուլիսի 11-ից 16-ը կազմակերպվել են  դասընթացները։
ԱՀ ՔԾԽ նախագահի տեղակալ, դասընթացների համակարգող Ջիվան Հարությունյանի խոսքով՝ վերապատրաստմանը մասնակցել են հանրապետության 28 մարմիններից գործուղված 341 քաղծառայող, ձևավորվել են 26 խմբեր և ՔԾԽ-ի կողմից հաստատվել  26 ծրագրեր, որոնք, ըստ մասնագիտական ոլորտների համաձայնեցվել են համապատասխան գերատեսչական մարմինների հետ։
«Վերապատրաստումը իրականացվել է երկու հերթով, որում ընդգրկված էին 48 դասախոսներ ու բարձրակարգ մասնագետներ ինչպես ԱՀ գերատեսչական մարմիններից, այնպեսև ՀՀ առաջատար բուհերից»,-տեղեկացրել է Ջ․Հարությունյանը՝ մանրամասնելոով, որ հրավիրված դասախոսներ կային ՀՀ պետական կառավարման ակադեմիայից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, ՀՊՏՀ-ից, ՀՀ ԱՍՀՆ «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ»-ից և այլ հաստատություններից։
ԱՀ ՔԾԽ տեղակալ Ջ․ Հարությունյանը գոհունակություն է հայտնել նաև դասընթացների կազմակերպման պայմաններից․«ԱրՊՀ-ում ստեղծվել են համապատասխան պայմաններ՝ դասընթացները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար․ լսարանների կահավորվածությունը, տեխնիկական հագեցվածությունը և այլ անհրաժեշտ պայմանների առկայությունը նպաստել են բարձր մակարդակով կազմակերպելու դասընթացները»։
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի որակի ապահովման կենտրոնի ղեկավար, դասախոս Գայանե Հովհաննիսյանը այն դասընթացավարներից է, ով անձամբ է մշակել քաղծառայողների համար նախատեսված «Փաստաթղթերի մշակում» մոդուլը։
Կարևորելով վերապատրաստման դասընթացների անհրաժեշտությունը՝ նա նշել է․ «Վերապատրաստումներին մասնակցելը քաղծառայողների և՛ իրավունք, և՛ պարտականություն է դիտարկվում։ Շատ կարևորում եմ կառավարչական հմտությունները։ Այն թեման, որ  դասավանդում եմ, կոչվում է փաստաթղթերի նախապատրաստում, իսկ կառավարչական աշխատանքում փաստաթուղթը հանդես է գալիս և՛ որպես աշխատանքի առարկա, և՛ որպես աշխատանքի արդյունք, այսինքն՝ որակյալ փաստաթուղթ կազմելը հենց քաղաքացիական ծառայողի պարտականություններից է բխում։ Քաղծառայողների համար այս մոդուլը մշակել եմ ես՝ որպես կոմպետենցիա։ Հուսամ՝ Արցախի քաղծառայողների համար այն կլինի հետաքրքիր»։
ԱՀ Կադաստրի պետական գույքի կառավարման կոմիտեի անշարժ գույքի կադաստրի վարչության Մարտակերտի բաժնի գլխավոր մասնագետ Աննա Առաքելյանը երկրորդ անգամ է մասնակցում քաղծառայողների վերապատրաստման դասընթացներին։ Մասնագիտական զարգացման համար նա կարևորում է վերապատրաստումների անհրաժեշտությունը․
«Նման դասընթացները մեզ փոխանցում են մասնագիտական նոր գիտելիքներ, փորձ, հմտություններ և ամենակարևորը՝ հնարավորություն են ընձեռում տեղեկանալու և յուրացնելու ոլորտի ժամանակակից զարգացումները, առաջավոր փորձն ու նորարարությունները»։