Արցախի պետական համալսարան
Արցախի պետական համալսարանում Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամի կողմից բացված Կարո Կարապետյանի անվան ադրբեջանագիտության կենտրոնում դասընթացների մասնակից 13 սովորող հաջողությամբ ավարտել են առաջին փուլը և ստացել հավաստագրեր։
Հավաստագրերի տրման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, Genesis Armenia հիմնադրամի ներկայացուցիչներ, ԱրՊՀ դասախոսներ։
Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը, շնորհավորելով դասընթացը հաջողությամբ ավարտածներին, նշել է, որ պատերազմից հետո, բացելով կենտրոնը, խնդիր էին դրել կրթության և գիտության միջոցով նպաստել Արցախի վերականգնմանն ու զարգացմանը։
«Անցած տարվա սեպտեմբերին, երբ հանդիպեցինք ԱրՊՀ ռեկտորի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, խնդիր դրեցինք ճանաչել հարևան երկրների լեզուն և ոչ ֆորմալ կրթության միջոցով ուսուցանել ադրբեջանագիտություն։ Դիմորդները շատ էին, բայց, քանի որ մենք կարևորում ենք որակը, ընտրեցինք 15 ուսանողի։ Երկուսի ուսումնառությունը հենց սկզբից դադարեցրինք՝ նրանց հետևողականության բացակայության պատճառով։
Դասընթացը յուրացրած ուսանողները տիրապետում են նվազագույնը 2500 բառի, քերականությանը, ադրբեջաներենի շարահյուսությանը, ինչպես նաև պատմությանը, քաղաքականությանը և այլն»,-ասել է Ա. Գասպարյանը՝ հավելելով, որ հավաստագրեր ստացած և բարձր առաջադիմություն ցուցաբերած 10 սովորող ադրբեջանագիտության կենտրոնում ուսումնառությունը կշարունակի ևս 8 ամիս։ Ավարտին նրանք կստանան դիպլոմներ։
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ծրագիրն իրականացնող Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամին՝ կարևորելով ոչ ֆորմալ կրթությունն ու կենտրոնի կողմից անցկացվող դասընթացի նշանակությունը։