Արցախի պետական համալսարան
Օգոստոսի 8-ից 12-ը Արցախի պետական համալսարանի աշխատակիցները վերապատրաստման դասընթացներ են անցնում Հայաստանի ամերիկյան համալսարանում։
Դասընթացի նպատակն է կատարելագործել գրադարանի աշխատակիցների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, յուրացնել ոլորտի նորարարությունները։ Մասնավորապես՝ դասընթացի շրջանակներում մասնակիցները կհմտանան «Koha» գրադարանային կառավարման համակարգով աշխատելու ուղղությամբ՝ գրադարանային ռեսուրսների ֆիզիկապես և առցանց շրջանառում, գրացուցակագրում, մատենագիտական գրառումների ստեղծում «Koha» համակարգի միջոցով և այլն։
Վերապատրաստման դասընթացները վարում են բնագավառի առաջատար մասնագետները։ Համալսարանականները ծրագրի շրջանակում եղել են նաև ՀՀ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, իսկ առաջիկայում կայցելեն նաև ՀՀ ԳԱԱ գիտական գրադարան։
ԱրՊՀ գիտական գրադարանի աշխատակիցները գոհունակություն են հայտնել ծրագրի արդյունավետությունից՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ու ՀՀ գործընկերներին՝ կարևորելով վերապատրաստման դասընթացների անհրաժեշտությունը՝ ԱրՊՀ հիմնանորոգված մասնաշենքում ժամանակակից չափանիշներին համահունչ գրադարանային սպասարկում ապահովելու տեսանկյունից։