Արցախի պետական համալսարան

Օգոստոսի 10-ին ավարտվեց Արցախի պետական համալսարանի կողմից Պատարա գյուղի մերձակայքում կազմակերպած ուսանողական միջազգային վրանային ճամբարը, որը մեկնարկել էր օգոստոսի 1-ին: Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, պաշտոնատար անձինք, դասախոսներ և ուսանողներ:

 
  Միջոցառումը մեկնարկել է լռության րոպեով՝ ի հիշատակ Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների։
  Ճամբարին մասնակցություն են ունեցել 100 ուսանողներ Արցախի, ՀՀ և արտերկրի բուհերից: Վրանային ճամբարի ընթացքում բնության գրկում 10 օրերի ընթացքում ապահովվել է ուսանողների ակտիվ ժամանցը, նրանց միջև ամրապնդվել միջբուհական, մասնագիտական կապը, ճամբարականների համար կազմակերպվել են ամենօրյա ուսուցողական դասընթացներ, պաշտոնական հանդիպումներ, հրատապ թեմաներով դասախոսություններ, ինտելեկտուալ-տրամաբանական խաղեր, բանավեճեր և քննարկումներ, սպորտային, մշակութային միջոցառումներ, պատմաճանաչողական այցեր, այցելություն զորամաս, կրակային պատրաստության դասընթաց, իսկ ազատ ժամանցը հագեցած էր երեկոյան խարույկի շուրջ հետաքրքիր քննարկումներով ու խաղերով:
 
Ծրագրի իրականացման անհրաժեշտություններից էր նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը՝ այն դարձնելով ազգային գաղափարախոսության առանցք։
  Փակման արարողությանը ուսանողներին ողջունել և ճամբարի միջոցով երիտասարդության համախմբումն ու միասնականության ապահովումը կարևորել է ԱՀ պետնախարար, ԱրՊՀ խորհրդի նախագահ Ա. Բեգլարյանը՝ ընդգծելով երիտասարդության դերը հայրենիքի զարգացման գործում։
«Այն գաղափարներն ու արժեքները, որոնք դուք ստանում եք ճամբարում և համալսարանական կյանքում, չմոռանաք երբևէ, և հասկանանք, որ մեր ընկերների, ավագների զոհաբերության նպատակի և արժեքների համար մենք պարտավոր ենք ապրել և ապացուցել, որ միայն ուժեղ պետականության առկայության պարագայում ամեն սերունդ կվայելի հայրենիքի նմանատիպ գրկաբաց ընդունելությունը։ Շատ ուրախ եմ, որ այս ճամբարի ձևաչափով Մայր Հայաստանից էլ ամեն տարի ունենում ենք մասնակիցներ։ Միայն Արցախ կամ հայրենիքի մի այլ հատված այցելելով ու հուզական կապ ստեղծելով տվյալ անկյան ու բնակիչների հետ` կարող եք հասկանալ, որ այն ձերն է»,-նշել է Ա․ Բեգլարյանը՝ կարևորելով երիտասարդության շրջանում հայրենաճանաչողության անհրաժեշտությունը։
 
 
  ՀՀ Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանող Մելանյա Հովհաննիսյանը ճամբարի մասնակիցներից է, ով առաջին անգամ է Արցախում։ Նրա խոսքով՝ միշտ երազել է լինել Արցախում, և ԱրՊՀ ճամբարն ընձեռեց նրան այդ հնարավորությունը․«Ես երբևէ չեմ եղել Արցախում, բայց միշտ երազել եմ։ Այժմ ԱրՊՀ կազմակերպած ճամբարի շնորհիվ Արցախում եմ։ Շրջագայելով Արցախում՝ հասկացա, որ իմ պատմական հայրենիքում եմ, որ իմ հայկական հողի վրա եմ ոտք դրել։ Ճամբարական 10 օրերն անմոռանալի էին, որի ընթացքում ձեռք բերեցինք լավ ընկերներ, ունեցանք հետաքրքիր, ուսուցողական միջոցառումներ։ Շնորհակալություն եմ հայտնում ԱրՊՀ-ին, ճամբարի կազմակերպիչներին»։
  Ամփոփելով 10-օրյա ճամբարի արդյունքները՝ ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը շնորհակալություն է հայտնել ճամբարի կայացման աջակիցներին՝ խոսելով նաև երկրում ստեղծված իրավիճակում առկա խնդիրները հաղթահարելու և ճամբարի աշխատանքները բարեհաջող ավարտին հասցնելու մասին։
«Հայրենիքի գաղափարն այս օրհասական պահին առաջին պլան է եկել․ հայրենիքի, երիտասարդության միջոցով փոփոխություններով առաջընթացի և միասնության գաղափարներն են այն առաջնահերթությունները, որոնց միտված էր ԱրՊՀ ճամբարի նպատակը։ Մեր եռամիասնությունն ամրապնդելու և հայրենիքի գաղափարը ներարկելու, միասնության գաղափարը առաջ տանելուն են ուղղված նաև մեր ճամբարի աշխատանքները։ Մենք միասին կարողացանք հաղթահարել այս օրերի դժվարությունները՝ հասնելով եզրագծին և այսօր կարող ենք ասել, որ մեր ճամբարը հաջողությամբ կայացել է, ուստի այն իրավունք ունի հաջոորդ տարի ևս շարունակվելու»,-նշել է Վ․Յարամիշյանը՝ ճամբարականներին հրավիրելով հաջորդ տարի ևս մասնակցելու կայանալիք ճամբարին։
  Իր հերթին ՈՒՀՏԱ և կարիերայի բաժնի պետ, ճամբարի աշխատանքների պատասխանատու Վահե Գալոյանը շնորհակալություն է հայտնել ճամբարականներին ու ճամբարի կայացման աջակիցներին՝ պարգևատրելով ճամբարական միջոցառումներում ակտիվություն ցուցաբերած թիմերին։
 
  Փակման արարողությանը ճամբարականները հանդես են եկել երաժշտական, պարային կատարումներով, ասմունքով և հումորային համարներով։