Արցախի պետական համալսարան
Օգոստոսի 8-ից 12-ը Արցախի պետական համալսարանի աշխատակիցները վերապատրաստման դասընթացներ են անցել Հայաստանի ամերիկյան համալսարանում։
Դասընթացի նպատակն էր կատարելագործել գրադարանի աշխատակիցների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, յուրացնել ոլորտի նորարարությունները։
Վերապատրաստման դասընթացները վարել են բնագավառի առաջատար մասնագետները։ Ծրագրի շրջանակներում մասնակիցները հմտացել են «Koha» գրադարանային կառավարման համակարգով աշխատելու ուղղությամբ՝ գրադարանային ռեսուրսների ֆիզիկապես և առցանց շրջանառում, գրացուցակագրում, մատենագիտական գրառումների ստեղծում «Koha» համակարգի միջոցով և այլն։
 
Համալսարանականները դասընթացն անցել են Հայաստանի ամերիկյան համալսարանում, ծրագրի շրջանակում ՀԱՀ նախաձեռնությամբ նրանք եղել են նաև ՀՀ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։
Ծրագրի մասնակիցները լսել են ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան «Վիքիմեդիա Հայաստան» խորհրդի նախագահ Տիգրան Զարգարյանի դասախոսությունը՝ առաջատար գիտական հրատարակիչների «Բաց կրթական էլեկտրոնային ռեսուրսներ» և «Բաց մատչելիություն հարթակներ» թեմաներով, ՀԱՀ-ի աշխատակից Հասմիկ Գալստյանին՝«Միջգրադարանային շրջանառություն Հայաստանի բուհական գրադարանների միջև թեմայով, digilib.aua.am կայքի հիմնադիր Հովհաննես Կիզողյանին՝ «Հայ մատենագրության թվանշային գրադարանի և ինստիտուցիոնալ էլեկտրոնային պահոցի կազմակերպումը և իրականացումը» թեմայով:
ԱրՊՀ գրադարանը ՀԱՀ կողմից նվիրատվություն է ստացել ՀԱՀ հրատարակած գրքերից, իսկ Տիգրան Զարգարյանը ԱրՊՀ-ին ՀՀ ԳԱԱ կողմից նվիրել է «Հայ գիրքը Թուրքիայում» գրքի Ա պրակը:
Դասընթացի ավարտին ԱրՊՀ գրադարանի աշխատակիցներին ՀԱՀ կողմից տրվել են հավաստագրեր՝ հավաստիացնելով, որ ծրագիրը կլինի շարունակական:
ԱրՊՀ գիտական գրադարանի աշխատակիցները գոհունակություն են հայտնել ծրագրի արդյունավետությունից՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ու ՀՀ գործընկերներին՝ կարևորելով վերապատրաստման դասընթացի անհրաժեշտությունը՝ ԱրՊՀ հիմնանորոգված մասնաշենքում ժամանակակից չափանիշներին համահունչ գրադարանային սպասարկում ապահովելու տեսանկյունից։
«Դասընթացները եղել են շատ արդյունավետ և անհրաժեշտ: Հինգ օրերի ընթացքում ձեռք ենք բերել գրադարանային սպասարկման համար անհրաժեշտ և արդիական գիտելիքներ ու հմտություններ, որոնք հաջողությամբ կկիրառենք ԱրՊՀ-ում՝ ԱրՊՀ գրադարանային սպասարկման որակը դարձնելով ժամանակակից պահանջներին համահունչ: ԱրՊՀ և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի ամերիկյան համալսարանին, ՀԱՀ գրադարանի տնօրեն Բելլա Ավագյանին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել վերապատրաստման ծրագրի իրականացմանը»,-նշել է ԱրՊՀ գիտական գրադարանի տնօրեն Հասմիկ Հարությունյանը: