Արցախի պետական համալսարան

Արդեն մի քանի տարի է Արցախի պետական համալսարանի կողմից Պատարա գյուղի մերձակայքում կազմակերպվում է ուսանողական միջազգային վրանային ճամբար, որին մասնակցում են ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի և Սփյուռքի տարբեր բուհերի ուսանողներ: Ճամբարն աչքի է ընկնում իր բովանդակային և աշխարհագրական բազմազանությամբ` գիտաճանաչողական արշավներ, հանդիպումներ տարբեր ոլորտի մասնագետների հետ, հայրենաճանաչողական այցեր: Այս ճամբարի նպատակն է խթանել ուսանողների հայրենաճանաչողական մղումները: Մեկ հարկի տակ համախմբելով տարբեր ոլորտի երիտասարդների` այն նպաստում է նոր գիտելիքների ձեռքբերմանը, նոր ծրագրերի նախաձեռնմանը, փորձի փոխանակմանը:

Ճամբարի վրանային պայմանները լավագույնս են օգտագործվել ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակության, առողջ ապրելակերպի և թիմային աշխատանքի կազմակերպման համար:

Այս տարի ճամբարի ծրագրով նախատեսվում էր մի շարք արշավներ կազմակերպել դեպի Արցախի պատմական վայրեր, բայց, ցավոք, երկրում տիրող իրավիճակից ելնելով, այցելություն կատարեցինք միայն Գանձասարի վանական համալիր: Շրջեցինք միջնադարյան եկեղեցու տարածքում, մոմավառությամբ և աղոթք հղելով առ Աստված` ցանկացանք մի պարզ բան` «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ»:

Ճամբարում կազմակերպվել են սպորտային, ինտելեկտուալ խաղեր, բանավեճեր, դաս-հանդիպումներ քաղաքական գործիչների, փորձագետների հետ: Հատկապես կարևորեցինք զենք-զինամթերքի իմացության, առաջին բուժօգնության և արտակարգ իրավիճակների վերաբերյալ դասերը: Մասնագետները օրինակներով բացատրեցին տարբեր արտակարգ իրավիճակներում մարդու արագ կողմնորոշումը և ճիշտ քայլերի կատարումը:

Առավել հետաքրքիր էր և հիշվող փակման արարողությունը, որի ժամանակ կազմակերպվել է ժենգյալով հացի պատրաստման վարպետաց դաս, ժամանցային միջոցառում` երաժշտական, պարային, հումորային համարներով:

 Այս տասը օրերը անցան մի ակնթարթում, հագեցած, հետաքրքիր ուսուցողական և արդյունավետ: Եվ այս ճամբարի ամենամեծ ձեռքբերումը մեր ընկերական կապն է, որի վկայությունը մեր հետագա հանդիպումներն են: Պայմանավորվեցինք, որ հաջորդ տարի նորից գնալու ենք ճամբար:

Աննա Գրիգորյան, ԱրՊՀ ուսանողուհի, ճամբարի մասնակից