Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ հանրակացարանում 2022-2023 ուստարում բնակվելու համար դիմում ներկայացրած 63 ուսանողներից օգոստոսի 30-ի դրությամբ սենյակներով ապահովվել են 60 ուսանողներ, ովքեր սովորում են ԱրՊՀ-ում և այլ ուսումնական հաստատություններում: Այս մասին տեղեկացրել է ԱրՊՀ վարչական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուսլան Ավետիսյանը:
Նրա խոսքով` հանրակացարանում բնակվել ցանկացող ուսանողների կեցության հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում են ԱրՊՀ ՎԱԳ պրոռեկտոր Ռուսլան Ավետիսյանը, ՈՒՀՏԱ և Կ բաժնի աշխատակից Լիլիթ Մարգարյանը, ավագ հաշվապահ Լուսինե Աբրահամյանը, հանրակացարանի պարետ Անահիտ Հայրիյանը: Հանձնաժողովի աշխատանքը եղել է հագեցած՝ համաձայն ԱրՊՀ համապատասխան կանոնակարգի:
Ներկայացած 60 ուսանողներին հատկացվել են սենյակներ` առաջնահերթության կարգով ապահովելով զոհված կամ անհայտ կորած զինծառայողների զավակներին, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող, տեղահանված ուսանողներին, ապա` մյուսներին: Ինչպես նշեց Ռ. Ավետիսյանը` գործընթացն անցել է բնականոն հունով, ոչ մի արտառոց դեպք չի արձանագրվել:
Հավելենք նաև, որ հանրակացարանում բնակվելու համար դիմած այն ուսանողները, ովքեր չեն ներկայացել, առաջիկայում կարող են ներկայանալ, դիմել հանրակացարանի պարետին և համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո կապահովվեն սենյակներով: