Արցախի պետական համալսարան
Հարգելի´ հայրենակիցներ, գործընկերներ, ուսանողներ
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ ԱՀ Անկախության հռչակման, Գիտելիքի և դպրության օրերի առթիվ։
Յուրաքանչյուր սերունդ ունենում է իր բաժին ձեռքբերումներն ու կորուստները, հաջողություններն ու ձախողումները: Ուզում եմ, որ երբեք չընկրկենք դժվարությունների առջև, կորուստներից չկոտրվենք, մեր մեջ ուժ գտնենք, մեր աշխատանքով, մեր միասնականությամբ, մեր համազգային նպատակների շուրջ համախմբվելով, միմյանց սատարելով՝ շարժվենք առաջ դեպի մեր նպատակները՝ ուսանողը սովորելով, դասախոսը՝ ուսուցանելով, և մեր բոլոր գործերում գերակա պահենք Արցախում ապրելու և Արցախը ապրեցնելու սկզբունքը: Այս վեհ գաղափարի նվիրյալներն էին նաև մեր անմահացած հերոսները, մեր այն ուսանող-ազատամարտիկները, ովքեր հանուն հայրենիքի պաշտպանության չխնայեցին անգամ իրենց կյանքերը: Հավերժ փառք և խոնարհում նրանց:
2020 թ. պատերազմից հետո մենք, միասին հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, կարճ ժամանակահատվածում ԱրՊՀ-ում վերականգնեցինք ուսումնական գործընթացի բնականոն ռիթմը: Բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրումը հաջողությամբ անցնելուց հետո այսօր հաջորդ ուրախալի փաստն ենք արձանագրում: Ուրախությունը համալսարանականների համար համընդհանուր է այսօր հատկապես, երբ պարապմունքները մեկնարկում ենք հիմնանորոգված, լուսավոր, տրամադրող շենքային պայմաններում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել համալսարանական կյանքի հաջողություններում՝ ուսանողից մինչև դոկտոր- պրոֆեսոր, պատշարից մինչև երկրի նախագահ:
Այսօրը տոն է բոլոր նրանց համար, ովքեր իրապես արժևորում են գիտելիքը և իրենց ամեն մի օրը ծառայեցնում գիտելիքների անսահման աշխարհում առաջ շարժվելուն։
Սիրելի՛ ուսանողներ, համալսարանը ամեն ինչ արել և անելու է՝ բարձրորակ ուսուցում ապահովելու համար, յուրաքանչյուրիցդ ակնկալվում է դառնալ բարձրորակ, պահանջարկ ունեցող, մրցունակ մասնագետ, ովքեր կաշխատեն ի նպաստ մեր հայրենիքի զարգացման:
Առանձնահատուկ շնորհավորում եմ առաջին կուրսեցիներին, ովքեր կատարել են արդեն իրենց կյանքի ամենակարևոր քայլերից մեկը՝ ընտրելով Արցախի մայր բուհը:
Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ օգտագործել ձեզ ընձեռված ժամանակն ու հնարավորությունները՝ այդ ամենը ծառայեցնելով գիտելիք ամբարելու անսպառ գործընթացին։
Խաղաղություն մեր երկրին և համազգային իղձերի իրականացում: