Արցախի պետական համալսարան

Նոր ուսումնականը Արցախի պետական համալսարանում մեկնարկեց հիմնանորոգված մասնաշենքում: Ուստարին, ավանդույթի համաձայն, սկսվեց Անկախության դասով, որին ներկա էին Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ՊԲ հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Նորայր Մկրտչյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանը, «Պահեստազորի սպաներ» ՀԿ նախագահ Կարմեն Ասլանյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, համալսարանի դասախոսներ և ուսանողներ: Միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով՝ ի հիշատակ Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների:

Ներկաներին ողջունել և տոների առթիվ շնորհավորել է ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը. «Շնորհավորում եմ բոլորիդ Արցախի Հանրապետության անկախության, Գիտելիքի և դպրության օրվա և հիմնանորոգված, միջազգային չափանիշներին համապատասխանող մասնաշենքում ուսումնական պարապմունքների մեկնարկի կապակցությամբ: Մաղթում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը ձգտի իր աշխատանքում լինել լավագույնը, և այդպես մենք կկարողանանք հաղթահարել դժվարությունները»: Ռեկտորը նաև շնորհակալություն է հայտնել պետնախարարին՝ նոր մասնաշենք տեղափոխվելու աշխատանքներին օժանդակելու համար՝ նշելով, որ շենքի պաշտոնական բացումը կլինի կահավորման և մյուս անհրաժեշտ սարքավորումներով համալրելու աշխատանքների լիովին ավարտից հետո:
ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, շնորհավորելով ուսանողներին, իր խոսքում շեշտել է Արցախի բացառիկության գաղափարը գերակա պահելու սկզբունքը բոլոր ձեռնարկումներում:
Ուսանողների հետ հարցուպատասխանի միջոցով նա շեշտել է համազգային նպատակներին հասնելու ուղիները, Արցախի բացառիկության գիտակցումը՝ արցախականությունը, և այդ գաղափարի շուրջ հայության ներուժի համախմբումը, որն էլ Արցախի լինելիության երաշխիքն է:
«Արցախն իր բացառիկությամբ հայկականության արգելոց է, հայկականության ինքնության զարթոնք և միասնականության խթան է»,-նշել է ԱՀ պետնախարարը՝ հավելելով, որ պետք է միասնական աշխատանքով կարողանալ պահպանել այն՝ հաղթահարելով պատերազմից հետո ի հայտ եկած դժվարություններն ու խոչընդոտները:
ԱՀ ՊԲ հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Նորայր Մկրտչյանը հանդես եկավ դասախոսությամբ՝ նվիրված Արցախի Հանրապետության անկախության հռչակմանը: Պատմական անդրադարձ կատարելով Արցախի հարցի ծագման, Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի հանդեպ տարբեր ժամանակաշրջաններում իրականացված էթնիկ զտումներին ու այսօր էլ շարունակվող ցեղասպան քաղաքականությանը՝ նա շեշտել է.«Տասնամյակներ շարունակ Արցախը միջնաբերդի դեր ուներ, այսօր այդ միջնաբերդը խոցված է: Առանց Արցախի վտանգված է հայ ժողովրդի գոյությունը, Հայաստանը:
Արցախի անկախությունը հայ ժողովրդի գոյության բանալին է: Այսօրվա իրողությունները հրամայաբար թելադրում են համախմբվել և միասնաբար դիմակայել՝ ամեն մեկս մեր ոլորտում աշխատելով և միջազգային հանրությանը ցույց տալով, որ մենք հետ չենք կանգնում մեր որդեգրած սկզբունքներից»:
Ուսանողներին օրվա առթիվ շնորհավորել է նաև ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանը՝ հորդորելով հավատարիմ լինել իրենց առաքելությանը, որն է՝ լավ սովորել, կայուն գիտելիքներ ձեռք բերել և աշխատել ի նպաստ Արցախի:
Ուսանողներին շնորհավորել է նաև «Պահեստազորի սպաներ» ՀԿ նախագահ Կարմեն Ասլանյանը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ակտիվ համագործակցությունը համալսարանի հետ:
Անկախության դասեր են անցկացվել նաև տարբեր ֆակուլտետներում, որոնք վարել են համալսարանի լավագույն դասախոսները: