Արցախի պետական համալսարան
Հայտնի գործարար և բարերար, «Ապագա հայկականը» շարժման նախաձեռնող Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 7-ին այցելել է Արցախի պետական համալսարան և հանդիպել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։
Ողջունելով Ռուբեն Վարդանյանին՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նրան ԱրՊՀ այցելելու և համալսարանականների հետ հանդիպելու համար.«Մեծ սիրով ենք ընդունել Արցախ տեղափոխվելու Ձեր որոշումը։ Ողջունում և շնորհակալություն ենք հայտնում, որ այստեղ եք»։
Արցախում հանդիպումների մեկնարկը Արցախի մայր բուհից սկսելը հանրային գործիչ Ռ. Վարդանյանը պատահական չի համարում՝ առաջնահերթությունների շարքում կարևորելով կրթությունն ու դրանով նաև պայմանավորելով երկրի ապագան։ Այս սկզբունքով է նա իր գործունեության ընթացքում ներդրումների մեծ մասն ուղղել կրթության ոլորտի զարգացմանը։
«Այսօր մեր կրթությունը մրցունակ չէ, որը մեծ խնդիր է։ Այս ուղղությամբ պետք է աշխատել միասնական ջանքերով»,- համոզմունք է հայտնել նա՝ հավելելով, որ պետք է վերականգնել գիտելիքի և դասավանդողի հանդեպ երբեմնի հարգանքը, ինչը վերջին տարիներին տեսանելի չէ։
Ռ. Վարդանյանը համալսարանականների հետ քննարկել է երկրի առջև ծառացած խնդիրները, համալսարանականներից լսել խնդիրներ և առաջարկություններ, ներկայացրել խնդիրների լուծման իր տեսլականը։
Խոսելով անվտանգային ոլորտից՝ Ռ. Վարդանյանը կարևորել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման ժամկետների երկարաձգման, խաղաղապահների մանդատի հստակեցման հարցն ու ազգ-բանակ հայեցակարգի իրագործումը։
«Արցախի հարցը պետք է լուծվի Արցախում ապրող ժողովրդի կամքով»,- ընդգծել է Ռ. Վարդանյանը։
«Չի կարող լինել անվտանգ երկիր՝ առանց զարգացած տնտեսության։ Այսօր պատերազմն ընթանում է տարբեր ուղղություններով, այդ թվում նաև՝ ինֆորմացիոն դաշտ, հոգեբանական պատերազմ և այլն։ Շատ կարևոր է մարդկանց մոտ վերականգնել և ամրապնդել հույսը, հավատը ապագայի հանդեպ, երկարաժամկետ ապագայի, և դա պետք է արվի խորքային փոփոխությունների միջոցով»,- ասել է Ռ. Վարդանյանը՝ առայժմ փակագծեր չբացելով իրականացվելիք ծրագրերի մասին ու հավաստիացնելով, որ առաջիկայում գործով տեսանելի կլինեն։
Նախատեսվում է հանդիպում նաև ուսանողների հետ։