Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ-ում շարունակվում է «Իրազեկ ուսանող» ծրագիրը, որի շրջանակում համալսարանի առաջին կուրսերի ուսանողներին համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացնում են ուսանողների իրավունքներն ու պարտականությունները, բուհում գործող կանոնակարգերը, ուսումնական գործընթացի կազմակերպման, քննաշրջանի, կրեդիտների, ՄՈԳ-ի հաշվարկման, էլեկտրոնային ուսուցման հարթակի և համալսարանին վերաբերող այլ հարցերի մասին տեղեկատվություն:

Սեպտեմբերի 8-ին ծրագրի շրջանակում բանասիրական ֆակուլտետի առաջին կուրսեցիների հետ հանդիպել և իրազեկման աշխատանքներ են իրականացրել ֆակուլտետի դեկան, բ. գ. թ., դոցենտ Լուսինե Մարգարյանը, ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Լաուրա Գրիգորյանը, դեկանատի, ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի բաժնի աշխատակիցներ:
 
Դեկան Լ. Մարգարյանն ուսանողներին է ներկայացրել բուհում գործող էլեկտրոնային ուսուցման Google Classroom հարթակի հնարավորությունները՝ տեղեկացնելով, որ առաջիկայում ուսանողները կունենան իրենց անհատական էլհասցեները՝ հարթակ մուտք գործելու հասանելիություն ունենալու համար, որն էլ թույլ կտա յուրաքանչյուր ուսանողի օգտվել դասախոսների կողմից հարթակ ներբեռնված ուսումնական նյութերից՝ դասախոսություններ, առարկայական նկարագրեր, ինքնուրույն աշխատանքների թեմաներ, առաջադրանքներ և այլն, ու այդ ամենը՝ յուրաքանչյուր դասընթացի համար:
ՈՒԽ նախագահ Լաուրա Գրիգորյանը ներկայացրել է տեղեկատվություն համալսարանի, ուսանողական առօրյայի, կազմակերպվող ուսումնագիտական, մշակութային և այլ միջոցառումների մասին՝ ուսանողներին կոչ անելով ակտիվորեն մասնակցել առաջիկայում կազմակերպվելիք միջոցառումներին, ինչպես նաև լինել նախաձեռնող: