Արցախի պետական համալսարան

Հանրային գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 8-ին Արցախի պետական համալսարանում հանդիպել է Արցախում գործող բուհերի ուսանողության հետ, խոսել Արցախ այցելելու իր նպատակների ու անելիքների մասին, պատասխանել երիտասարդությանը հետաքրքրող հարցերին։

«Ինձ համար Արցախը վաղուց դարձել է այն վայրը, որտեղից ես ուժ եմ ստանում, զգում իմ հայ լինելը և հայ լինելու կարևորությունը։ Ես այստեղ եմ՝ ձեր կողքին լինելու, ձեզ հետ միասին այստեղ մնալու համար։ Ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որպեսզի նպաստեմ Արցախի անվտանգության ապահովմանը։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Արցախում ապահովվի երկարաժամկետ անվտանգություն, Արցախը պահպանի իր հայկականությունը, և Արցախում ապրող հայը անվտանգ ապրի, ոչ թե գոյատևի, այլ՝ զարգանա։ Այդ ուղղությամբ շատ խորքային ու լուրջ աշխատանք պիտի տարվի։ Ես ուրախ և հպարտ եմ, որ ձեր կողքին եմ»,- դիմելով երիտասարդությանը՝ նշել է Ռուբեն Վարդանյանը՝ վստահություն հայտնելով, որ Արցախն ունի ապագա, թեև դեռ վտանգը չի ավարտվել։
Իսկ վտանգներն ու խնդիրները հաղթահարելու համար հանրային գործիչն առաջնահերթություններից է համարում մրցունակ կրթությունը, զարգացած տնտեսությունը, երկրի պաշտպանունակությունը։
«Ոչ մի փաստաթուղթ չի կարող խաղաղություն ապահովել, եթե դու ինքդ ընդունակ չես քեզ պաշտպանելու։ Մենք պետք է ուժեղ լինենք»,-շեշտել է նա։
Երիտասարդների հետ հանդիպման առանցքային նպատակներից մեկը, Ռ. Վարդանյանի խոսքով, առաջիկա ծրագրերում երիտասարդների տեսակետներն ու առաջարկությունները ներառելն է, որոնք ուղղված կլինեն Արցախում կայուն ու անվտանգ կենսագործունեություն ու զարգացում ապահովելուն։
Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները Ռ. Վարդանյանից լսելուց հետո գրավոր ներկայացրել են նաև առաջարկություններ ու տեսակետներ տարբեր խնդիրների վերաբերյալ։
Ռ. Վարդանյանի խոսքով՝ նմանատիպ հանդիպում-քննարկումները շարունակական կլինեն։