Արցախի պետական համալսարան
Սեպտեմբերի 8-ին Արցախի պետական համալսարան է այցելել Ամերիկայի հայ փաստաբանների միության անդամ, Լոս Անջելեսի առաջին ատյանի վերահսկող փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ, դոկտոր Զեփյուռ Սիմոնյանը և «Իրավագիտություն» մասնագիտությամբ սովորող ուսանողների համար հանդես եկել դասախոսությամբ:
Դասախոսությունը վերաբերում էր իրավաբանական գրագրությանը, որի շրջանակում բանախոսը ներկայացրել է հիմնականում IRAC համակարգի կիրառման առանձնահատկությունները ԱՄՆ-ում: Զ. Սիմոնյանը պատասխանել է նաև ուսանողների հարցերին:
Հանդիպման ընթացքում նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն ԱրՊՀ ուսանողների համար ուստարվա ընթացքում պարբերաբար հանդես գալ հեռավար դասախոսությամբ՝ նախապես հստակեցնելով նաև դասախոսությունների թեմաները:
ԱրՊՀ իրավունքի ամբիոնի վարիչ, ի. գ. թ., դոցենտ Տաթև Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Զեփյուռ Սիմոնյանին և Ամերիկայի հայ փաստաբանների միությանը՝ ԱրՊՀ «Իրավագիտություն» կրթական ծրագրով սովորող ուսանողներին մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար. «Շատ կարևորում եմ նման հանդիպումները, որոնք թույլ են տալիս մեր ուսանողներին նոր գիտելիքներ ձեռք բերել նաև ոչ ֆորմալ կրթության միջոցով, ճանաչել տարբեր մասնագետներին, ծանոթանալ նրանց դասավանդման մեթոդիկային և, պարզապես, հնարավորություն ունենալ շփվել նրանց հետ»։