Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ-ում շարունակվում է «Իրազեկ ուսանող» ծրագիրը, որի շրջանակում համալսարանի առաջին կուրսերի ուսանողների հետ հանդիպում են համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները և ներկայացնում ուսանողների իրավունքներն ու պարտականությունները, բուհում գործող կանոնակարգերը, ուսումնական գործընթացի կազմակերպման, քննաշրջանի, կրեդիտների, ՄՈԳ-ի հաշվարկման, էլեկտրոնային ուսուցման հարթակի և համալսարանին վերաբերող այլ հարցերի մասին տեղեկատվություն:

Սեպտեմբերի 12-ին ծրագրի շրջանակում տնտեսագիտության ֆակուլտետի առաջին կուրսեցիների հետ հանդիպել և իրազեկման աշխատանքներ են իրականացրել ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ֆակուլտետի դեկան, տ. գ. թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը, ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանը, ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահը, դեկանատի, ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի բաժնի աշխատակիցներ:
Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանը, ողջունելով ուսանողներին, շնորհավորել է նրանց ԱրՊՀ ընդունվելու առթիվ՝ ընդգծելով ժամանակակից աշխարհում տնտեսագիտություն մասնագիտության կարևորությունը և մանրամասներ ներկայացրել կրթական ծրագրի կառուցվածքի ու հնարավորությունների մասին:
«Մեր ֆակուլտետի թողարկած շրջանավարտները աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մրցունակ մասնագետներ են: Այդ են վկայում նաև գործատուների շրջանում մեր կողմից պարբերաբար իրականացվող սոցհարցումների արդյունքները: Համալսարանն ամեն ինչ անում է որակյալ կրթական ծառայություններ մատուցելու համար»,-մասնավորապես նշել է Ռ. Մանգասարյանը:
ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանն ուսանողներին հորդորել է արդյունավետ օգտագործել իրենց ընձեռված ժամանակն ու հնարավորությունները, ակտիվորեն ներգրավվել համալսարանական միջոցառումներին և լինել նախաձեռնող. «Համալսարանը կանի ամեն հնարավորը՝ բարձրորակ մասնագետներ պատրաստելու համար: Այդ նպատակին են միտված մեր բոլոր ծրագրերն ու աշխատանքները»: