Արցախի պետական համալսարան

Արցախի Հանրապետության իշխանություններին,

կուսակցությունների ղեկավարներին,

իշխանամետ և ընդդիմադիր ուժերին,

քաղաքացիներին,

Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախի մայր բուհը մեր երկրի համար բախտորոշ բոլոր իրադարձությունների ժամանակ եղել է առաջամարտիկներից մեկը: Այդպես էր  1988-ի շարժման ժամանակ և Արցախյան բոլոր պատերազմների ու սահմանային սրացումների ընթացքում:

Որպես մայր բուհ գիտակցելով մեր երկրին պատուհասած օրհասական վիճակը և պարտավորություն ստանձնելով հանուն մեր երկրի լինելիության պայքարում մեր բաժին ներդրումն ունենալու՝ խնդրում և հորդորում ենք.

-Համախմբվել, ձևավորել համաժողովրդական շարժում՝ հաղթահարելով ներքին հակասությունները:

-Ձևավորել մեկ միասնական օրակարգ, որը միտված կլինի մեր հայրենիքի ու մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, Արցախի Հանրապետության լինելիությանը և արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանը:

-Հանրահավաքները, երթերը, զանգվածային բոլոր միջոցառումները կազմակերպել այնպես, որ  չխաթարվի գործող կառույցների բնականոն աշխատանքը:

-Մեր գործունեությամբ չվտանգենք հայրենիքում հաստատված փխրուն խաղաղությունը, անվտանգությունը, սահմանին կանգնած զինվորի կյանքը:

-Արցախի պետական համալսարանի համար բոլոր սկզբունքներից վեր է հայրենիքի, պետության, ազգային շահը, և համատեղ ուժերով կանենք հնարավորը՝ այդ գերակա սկզբունքներին ծառայելու համար:

Խաղաղություն, համերաշխություն և առաջընթաց մեր վճռական պայքարում:

ԱրՊՀ ռեկտորատ,

ԱրՊՀ ուսանողական խորհուրդ: