Արցախի պետական համալսարան

Կան մտածված, բայց չասված խոսքեր, կան երազանք դարձած ակնթարթներ,կան հուշ-օրեր, որում ապրում ես դու` իմ Հերոս։

Եթե կարողանայի ցավս փոխել հպարտության, արցունքներս ժպիտի, ափսոսանքս` սիրո, գուցե այդ ժամ այլ աչքերով նայեի կյանքին։

Երանի երբեք չլինեն բաժանումներ, չլինեն սպասումներ.երանի ոչինչ կիսատ չմնա, երանի հնար լիներ կորցրածը գտնելու, երանի այսօրս և ամեն օրս սկսվեր ու ավարտվեր Քեզ հետ, երանի այսքան չզգայի կարիքդ։

Մանկությունս եմ ուզում, Տե՜ր,անցած օրերն այն անցավ, երբ ծնկներս էին արյունոտ, երբ վերքերս բաց էին, երբ մի խոսքը կամ համբույրը դեղ էր, երբ սրտիս վրա չկար այդ նույն բաց վերքից, որի բուժում դու ունեիր, պա՜պ, այն ժամերն եմ ուզում, երբ քո ժպիտը իսկական էր, երբ դու կողքիս էիր...Ես իմ մանուկ օրերն եմ ուզում, երբ վազելով բարձրանում էի աստիճաններով, շտապում բացել դուռը, տեսնել Քեզ։ Չկա այն մեկը, ով կլրացնի քո բացը, որովհետև Քեզ հետ աշխարհի տերն էի, ապահով, ուժեղ, վստահ ու համարձակ էի, իսկ այսօր լեզուս պապանձվում է, փոխարենը հոգիս է ճչում ցավից, որովհետև մարմնիս ողջ բջիջներով զգում եմ Քեզ այնքան մոտ, որքան հեռու ես։

Երազում եմ գլուխս հենել ուսիդ,երազում եմ սպասումս արդարացվի, երազում եմ կարոտս մեղմանա, երազում եմ չգժվել ու չմեռնել կարոտից, երազում եմ այդ անտեր կարոտախտը կյանքիս մասնիկը չլինի, բայց և շարունակ կարոտում եմ, կարոտում ծածուկ ու թաքուն աշխարհից և մարդկանցից։

Ու կարծես ոչինչ չփոխվեց, բայց ամեն բան դարձավ այլ, ապրելով ներկայում` անցյալի պես խաղաղ ապագա ենք փնտրում։

Գլորվող օրերի ոչ մի վայրկյան չեմ դադարում աղոթել Քո հոգու հանգստության համար, չեմ դադարում հավատալ, որ կողքիս ես։Ես էլ Քեզ պես մի հայրենասեր եմ, բայց ես ատում եմ պատերազմը, իսկ հաղթանակը դարձրել եմ կյանքիս կարգախոսը, կամ էլ ուղղակի երազելու տեսակ։

Ծնվում ենք, որ ի՞նչ, որ տառապե՞նք, թե՞ որ հրաժեշտ տանք մեզ կյանք տվողին։ Ախր ես իմ սրտի ամենախորքում անգամ չունեի թաքցրած ոչ մի գրամ ուժ, որով կարող էի հաղթահարել այս ամենը, բայց գտա...հենց այդ ուժն է, որ ինձ ստիպեց ապրել իմ ու քո փոխարեն։

Ես չունեմ այն բառերը, որ կարող են երբևէ արտահայտել իմ ապրումներն ու զգացմունքները, պապ, դու ես իմ հերոսը, միշտ ներկա, բայց անհասանելի...Դու չհասցրեցիր իմ նվիրական երազանքը ի կատար ածել, դու բոլոր հայրերի նման` արցունքախառն աչքերով ու դողացող ձեռքերով իմ ձեռքն ուրիշին հանձնել չհասցրեցիր, ինձ չտվեցիր հայրական օրհնանք, ճակատս չհամբուրեցիր պապ, խորասույզ հայացքով չնայեցիր ինձ` մի վերջին անգամ...ամեն տեսակ բաժանում պատկերացրել եմ, բայց ոչ երբեք այսպես, որովհետև Քեզ տիեզերական սիրով եմ սիրում, որովհետև բոլոր ժամանակների իմ հերոսն ես պապ...

Երկնային արքայություն Քեզ, իմ խիզախ Հայրիկ, իմ լուռ և արցունքոտ գիշերների միակ վկա...

Իլոնա Բաղդասարյան, Լրագրություն 4-րդ կուրս