Արցախի պետական համալսարան

Հայրենիք֊-Սրբություն Արցախի համար ծանր ժամանակներ են։ Անորոշ է նույնիսկ հաջորդ վայրկյանը։ Սակայն ... Չնայած առկա անվտանգային, սոցիալական ու այլ խնդիրների, հազարավոր արցախցիներ հողի, արմատների կանչին ականջալուր ու հնազանդ ապրում են իրենց մի բուռ դարձած հայրենիքում։ Գուցե հողը համարվում է անկենդան բնության մասնիկ, բայց ... մեր հողն անկենդան լինել չի կարող։ Այն ջրված է իր պաշտպանության համար անօրինակ սխրանքներ գործած այն անսահման, անշահախնդիր սիրող քաջորդիների արյամբ, քրտինքով ռանչպարի։ Այստեղ անթեղված են մեր նախնիների մասունքները, չիրականացած երազանքները։ Այս հողի վրա են նրանց սուր մտքի նախանձ շարժող կերտվածքները, որ այսօր դարձել են սուրբ նշխար ... շան բերանում։

Բազում են եղել փորձությունները հայի անցած պատմական ուղում։ Հայ ժողովուրդը վերելքներ ու վայրէջքներ է ունեցել, սակայն չի ծնկել, չի վհատվել, չի երկյուղել, այլ ապստամբել է, ըմբոստացել, պայքարել ու հաղթել։

Դժվարին ժամանակներ են։ Մեզ պատուհասած ու պարտադրված պատերազմից մի քանի տարի է անցել, բայց ազգի սրտի վերքը չի սպիացել ու անընդհատ ցավեցնում է, հիշեցնում այն սարսափելի, անմարդկային ոճրագործությունները, որոնք կատարվել են 44 օր շարունակ մեր եղբայրների, հայրերի, տարեցների նկատմամբ ու անամոթաբար հրապարակվել։

Պատմական փորձը ցույց է տվել, երբ համախմբվել ենք, մի բռունցք դարձել, հավատով զինված չեզոքացրել ենք մեզ պատուհասած վտանգները, փրկվել ենք անգամ անդունդի եզրից ցած ընկնելուց ու նոր «լեռներ» բարձրացել։

Այսօր ծովից ծով Հայաստանից մնացած փոքրիկ, բայց սուր սեպ ենք խրված թշնամու կոկորդում,  ու միայն ազգի շահը վեր դասելով, ճիշտ անվտանգային, քաղաքական, դիվանագիտական քայլերով, հայրենասիրությամբ միայն կարող ենք սանձահարել հակառակորդի հանդուգն պահվածքն ու լայն ախորժակը։

Արցախցիներիս և ընդհանրապես հայ ժողովրդի համար «Ի՞նչ է հայրենիքը» հարցին կա մեկ և միայն մեկ պատասխան, որն աքսիոմացնել է պետք, քանզի ապացուցում չի պահանջում, և այդ պատասխանն է «Սրբություն»։ Եվ ուրեմն, ամուր բռնենք մեր հավատն ու պայքարենք «Սրբության» ամբողջականացման, հզորացման, բարգավաճման, զարգացման ու լուսավոր ապագայում լինենք ազատ ու անկախ, ինչպես մեր օրհներգում, ուժեղ ու հաստատակամ, միաբան ու միասնական, մեջք մեջքի և ուս ուսի կանգնած նոր հաղթանակներ կռենք ու մեր ազգային ինքնությամբ ու առանձնահատկությամբ աշխարհին թելադրող օրինակ լինենք։

Ռուզաննա Սահակյան, Մաթեմատիկա, 4-րդ կուրս