Արցախի պետական համալսարան
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման օրը Արցախի պետական համալսարանում նշանավորվեց առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությամբ:
Առաջին կուրսեցիների երդման արարողությունը մայր բուհի ավանդական միջոցառումներից է: Սեպտեմբերի 21-ին ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ կայացավ երդման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ԱՀ պետնախարար, ԱրՊՀ խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, հասարակական գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարար Նարինե Աղաբալյանը, համալսարանականներ: Միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով ու ծաղիկներ խոնարհելով՝ ի հիշատակ Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների:
Ուսանողների երդման խոսքը ազգային և համամարդկային արժեքների պահպանման, գիտելիքների ձեռքբերման և հանուն հայրենիքի ու մարդկության բարօրության ծառայելու պարտավորվածության խոսք էր. «Երդվում ենք վառ պահել նահատակված ուսանողների հիշատակը, հավատարիմ մնալ նրանց վեհ գաղափարներին, պատվով և պատասխանատվությամբ շարունակել նրանց կիսատ թողած գործը, սիրել և սրբությամբ պահպանել հայրենի երկրի զարգացման և բարգավաճման ուղին բռնած մայր բուհը»:
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ողջունելով ներկաներին, ռեկտորատի, գիտխորհրդի և պրոֆեսորադասախոսական կազմի անունից շնորհավորել է առաջին կուրսեցիներին ՀՀ անկախության տոնի և երդման արարողության առթիվ:
«Մայր բուհում ավանդույթ է դարձել առաջին կուրսեցիների երդման արարողությունը: Երդում, որը կատարվում է մեր լույս տղաների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ. ասել է թե՝ Դուք, սիրելի՛ առաջին կուրսեցիներ, երդվելով այս հուշարձանի մոտ, պարտավորվում եք Ձեր ամբողջ կյանքում համալսարանում ձեռք բերված գիտելիքները, փորձը կիրառել միմիայն հայրենիքի բարգավաճման համար»,-նշել է ռեկտորը՝ համոզմունք հայտնելով, որ երդմամբ ստանձնած պարտավորությունները ուսանողները կատարելու են անշեղորեն:
ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, Արցախի Հանրապետության իշխանությունների և ԱրՊՀ խորհրդի անունից ՀՀ անկախության տոնի և երդմնակալության առթիվ շնորհավորելով ուսանողներին, խորհրդանշական է համարել միջոցառման կազմակերպման օրն ու վայրը, և դիմելով ուսանողներին՝ նշել է. «Այն կրթությունը, որը պետք է Դուք ստանաք Արցախի պետական համալսարանում, արժեքահեն կրթություն է. արժեքահեն, որովհետև հանուն անկախության, ազատության և մեր ազատամարտիկների նվիրման արժեքների ու գաղափարների Դուք պատրաստ եք կրթություն ստանալ և շարունակել մեր նախնիների, մեր ավագների կողմից ընտրված ճանապարհը: Շատ ուրախ եմ, որ համալսարանը շարունակում է այս ավանդույթները և տարեցտարի բարելավում պայմանները, որի շնորհիվ համոզված եմ, որ տարիների ընթացքում, նաև Ձեր ջանքերով, Ձեր ստացած կրթության հիման վրա համատեղ ուժերով մենք կկարողանանք հաղթահարել մեր պետականության ու անկախության առջև ծառացած և ապագայում ծառանալիք խնդիրները»:
Ուսանողներին շնորհավորել է նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը.
«Սիրելի՛ ուսանողներ, տեղին կլինի մեջբերել Նժդեհի խոսքերը. « Եթե ուզում ես գուշակել ազգի ապագան, նայիր երիտասարդությանը»: Վաղը մենք հնձելու ենք այն, ինչ ցանում ենք այսօր: Դուք եք այն հիմնաքարը, որը կլինի մեր պետականության ամրապնդողը: Եղեք հավատարիմ Ձեր երդմանը և հող հայրենիին»:
Հասարակական գործիչ և բարերար Ռուբեն Վարդանյանը, շնորհավորելով ուսանողներին, հորդորել է նրանց լինել ինքնավստահ և հավատալ սեփական ուժերին, որը, նրա խոսքով, հաջողության հասնելու ուղին է. «Հավատացե՛ք, որ ամեն ինչ Ձեր ձեռքերում է, Ձեր ձեռքերում է Ձեր ապագան: Ուզում եմ Ձեզ ցանկանալ, որ կյանքում երբեք չհիասթափվեք: Հավատացեք Ձեր ուժերին, և ամեն ինչի կհասնեք, կկարողանաք հաղթահարել բոլոր դժվարություններն ու խնդիրները: Եթե քո մեջ կա հավատ և ուժ, դու կհասնես նպատակներիդ: Ուզում եմ ցանկանալ, որ լինեք ուժեղ, երջանիկ, միշտ հավատաք ձեր ուժերին և գնաք առաջ, չկանգնեք»:
 
Արարողության ընթացքում ուսանողները հանդես են եկել ասմունքով և հայրենասիրական երգերի կատարմամբ, իսկ ամենաբարձր միավորներով բուհ ընդունված առաջին կուրսեցիները՝ հանդիսավոր ստացել իրենց ստուգման գրքույկներն ու ուսանողական տոմսերը: