Արցախի պետական համալսարան
Սեպտեմբերի 13-ը նշվում է որպես Ծրագրավորողի միջազգային օր: ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետում օրերս կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ՝ նվիրված Ծրագրավորողների միջազգային օրվան:
Ողջունելով ներկաներին` «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» ամբիոնի վարիչ Վազգեն Առստամյանը շնորհավորել է Ծրագրավորողի միջազգային օրվա առթիվ` կարևորելով ծրագրավորողի մասնագիտությունն ու նրա դերը ժամանակակից աշխարհում:
Միջոցառման նախաձեռնությունը «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» ամբիոնինն էր, կազմակերպչական աշխատանքներով զբաղվել են ամբիոնի դասախոսներ Շողիկ Գրիգորյանը, Անուշ Հարությունյանը, Աննա Գալստյանը և «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության մագիստրանտներ:
Միջոցառմանը մասնակցում էին տարբեր կուրսերից չորս տասնյակ ուսանողներ: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը խրախուսվել են պատվոգրերով:
«Ուսանողները սիրով են մասնակցում նման միջոցառումներին, որոնք, բացի գիտելիքների ստուգումից, նաև մասնագիտական հավելյալ գիտելիքներ են հաղորդում ուսանողներին, զարգացնում տրամաբանությունը և ապահովում արդյունավետ ժամանաց:
Ունենք ուսանողներ, ովքեր զբաղվում են ծրագրավորմամբ տարբեր ընկերություններում, ինչը վկայում է, որ մեր ուսանողներն ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն»,-նշել է «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» ամբիոնի վարիչ Վազգեն Առստամյանը` հավելելով, որ ամբիոնի կողմից պարբերաբար կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ՝ ուսումնառության որակի բարելավման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ, որոնք միտված են աշխատաշուկայի պահանջներին բավարարող մասնագետներ թողարկելուն: