Արցախի պետական համալսարան

Սեպտեմբերի 21-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները, խորհրդարանի փոխնախագահ Գագիկ Բաղունցի գլխավորությամբ, հանդիպել են Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի և ուսխորհրդի անդամների հետ:

   
   Հանդիպմանը, որին ներկա էր նաև ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը, քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակի, աշխարհաքաղաքական զարգացումների, առկա մարտահրավերների հետ կապված հարցեր:
   Խորհրդարանականները ներկայացրել են սեպտեմբերի 15-17-ը ՀՀ-ում ունեցած հանդիպումների մանրամասները: Նրանք ընդգծել են, որ Արցախի ճակատագիրը պետք է որոշվի Արցախում, առանց մեր ժողովրդի ու իշխանության որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու՝ հայաստանյան գործընկերների հավաստիացումները պատգամավորները փոխանցեցին հանրությանը:
   Խորհրդարանականները պատասխանեցին դասախոսական կազմի և ուսանողության հարցադրումներին: Նրանք նշեցին, որ խաղաղության օրակարգը տեսնում են Արցախի ինքնիշխանության պահպանման ու Հայաստանի անձեռնմխելիության պայմաններում:
   Ստեղծված իրավիճակում պատգամավորները երկպառակությունից խուսափելու, տարաձայնությունները մի կողմ թողնելու, ազգային օրակարգի շուրջ համախմբվելու կոչով հանդես եկան:
   Ամփոփելով հանդիպումը՝ ռեկտոր Արմեն Սարգսյանը շեշտեց նման հանդիպումների անհրաժեշտությունը, օրենսդիր-ժողովուրդ կապի ամրապնդումը: ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը նշեց, որ հանդիպումների շարք են նախատեսում հանրության լայն շերտերի հետ: