Արցախի պետական համալսարան
Սեպտեմբերի 24-ից ԱրՊՀ-ում ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ «Աջակցություն Արցախի երիտասարդներին» միջոցառման շրջանակում մեկնարկել են «Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն» խորագրով երկօրյա դասընթացներ, որոնց մասնակցել են Արցախի Հանրապետությունում գործող բուհերի ուսանողներ։
Դասընթացները վարել են ՀՀ մեդիափորձագետներ Արմեն Սարգսյանը և Նունե Հախվերդյանը։
Դասընթացի շրջանակում մեդիափորձագետներն ուսանողներին տրամադրել են տեսական գիտելիքներ մեդիագրագիտության հիմունքների, մեդիայի պատմության, հաղորդակցության, լրատվական միջոցների ու տեղեկատվական խողովակների, տեղեկատվության արտադրման փոփոխությունների, մանիպուլյացիայի, փաստերի ստուգման, գովազդի, քարոզչության, իրազեկման, թվային հետքի, սեփական մեդիակարիքների, առցանց անվտանգության, կախվածության և հարակից այլ թեմաների վերաբերյալ։
 
Դասընթացի ընթացքում ուսանողները կատարել են նաև գործնական առաջադրանքներ՝ տեսական նյութը գործնականում կիրառելու, հմտություններն ու կարողությունները ամրապնդելու և զարգացնելու նպատակով։
Կարևորելով մեդիագրագիտության անհրաժեշտությունը ժամանակակից աշխարհում՝ մեդիափորձագետ Արմեն Սարգսյանը նմանատիպ միջոցառումներն անհրաժեշտ է համարում հատկապես այս օրերին։
«Հատկապես այս օրերին մենք տեսնում ենք, թե ապատեղեկատվությունը ինչ խաղեր է խաղում մեր հասարակության գլխին, բառացիորեն կարող է քանդել համակարգեր, մարդկանց հույսեր տապալել, մարդկանց հասցնել խուճապի, նրանց լրացուցիչ հոգսեր պատճառել։ Այս անգամ որոշեցինք խոսել ապատեղեկատվությունից և հետճշմարտությունից, այսինքն՝ այն ճշմարտությունից, որը հետո է գալիս, որովհետև ինչ-որ բան հնարավոր է տարածել, և մինչև մենք հասկանում ենք, որ դա սուտ է, գալիս է իսկական ճշմարտությունը, շատ դեպքերում ցավալիորեն բանը բանից անցած է լինում։ Շատ կարևոր է, որ երիտասարդներն այդ ամենը իմանան, իրենք են առաջին հերթին հասու այն տեղեկատվական տեխնոլոգիաներին, որոնց միջոցով դրանք շատ արագ տարածվում են, իմանան և ինչ-որ մասով կանխեն ապատեղեկատվության տարածումը»,-նշել է Արմեն Սարգսյանը։
Դասընթացները շարունակվել են նաև սեպտեմբերի 25-ին։ Ավարտին ուսանողներին տրվել են հավաստագրեր։