Արցախի պետական համալսարան

Սեպտեմբերի 26-ին Արցախի պետական համալսարանում ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի, «Էրուդիցիա»  և « էմպաթիա» հոգեբանական կենտրոնների, Ինտեգրատիվ հոգեթերապիայի միության (IPP, Society for Integrative Psychotherapy, SIP) նախաձեռնությամբ կազմակերպվել է հոգեբանական աշխատաժողով՝ նպատակ ունենալով օգնելու  ուսանողներին և մասնագետներին՝ զարգացնելու իրենց գիտելիքներն ու կարողությունները,  ձևավորելու համագործակցային հարթակ: Աշխատաժողովին մասնակցել և քննարկումը վարել է Կալիֆորնիայի պետական համալսարանի պրոֆեսոր, հ.գ.դ, Ալլեն Ազիզյանը, ներկա էին ԱՀ և ՀՀ հոգեբաններ, ԱրՊՀ «Հոգեբանություն» կրթական ծրագրի ուսանողներ:

Ողջունելով ներկաներին՝ ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանն աշխատաժողովի նշանակությունը կարևորել է հետազոտողներին և մասնագետներին համախմբելու, հոգեթերապիայի տարբեր դպրոցների սկզբունքների ինտեգրման վերաբերյալ իրենց փորձը կիսելու, ակադեմիական համագործակցությունը խորացնելու, ուսանողների պրակտիկ գիտելիքների զարգացման, ինչպես նաև միջազգային փորձի տեղայնացման տեսանկյուններից:
«2020 թ. 44-օրյա պատերազմից երկու տարի անց բնակչության շրջանում առկա են հետվնասվածքային սթրեսային նախանշաններ՝ անորոշություն, տագնապ, հուսահատություն, անվտանգության զգացման խաթարում և այլն: Սակայն սրանք խնդիրներ են, ոչ թե՝ դատավճիռ, իսկ խնդիրները հաղթահարելի են»,-«Հետվնասվածքային սթրեսային հակազդումների հաղթահարման խնդիրը 44-օրյա պատերազմից հետո» թեմայով զեկուցման ընթացքում նշել է Վ. Յարամիշյանը՝ ներկայացնելով 44-օրյա պատերազմի պատճառած վնասները, ստեղծված հոգեբանական խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ իրականացված և շարունակվող հոգեբանական աշխատանքները և իր խոսքում շնորհակալություն հայտնել այդ աշխատանքներում ներդրում ունեցած հոգեբաններին ու կազմակերպություններին, այդ թվում նաև՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հոգեբաններին, ովքեր զգալի աշխատանք են իրականացրել բնակչության շրջանում, նաև ԱրՊՀ-ում, հետտրավմատիկ սթրեսի հաղթահարման ուղղությամբ:
«ԿԽՄԿ, Բժիշկներ առանց սահմանի, ԵՊՀ, ՀՊՄՀ, ՀՊԲՀ հոգեբաններ, Սփյուռքի հայ մասնագետներ. նրանց ցուցաբերած հոգեբանական աջակցությունը նպաստել է հետվնասվածքային սթրեսի հաղթահարմանը»,-նշել է Վ. Յարամիշյանը՝ հետվնասվածքային սթրեսային հաղթահարման գործընթացում կարևորելով ակտիվ կենսակերպ վարելը՝ ընդգծելով ՀՎՍՀ դրսևորումները ժամանակին կարգավորելու անհրաժեշտությունը:
Կալիֆորնիայի պետական համալսարանի պրոֆեսոր, հ.գ.դ, Ալլեն Ազիզյանը հանդես եկավ «Ինտեգրատիվ հոգեթերապիա. թերապևտիկ փոփոխությունների սկզբունքները» թեմայով բանախոսությամբ: Ներկայացնելով հոգեթերապիայի մեթոդները՝ նա միաժամանակ նշում է, որ չկա հստակ որևէ մեթոդ, որը կարող է կիրառվել՝ առկա խնդիրները լուծելու համար:
«Պետք է ունենալ կյանքի նպատակներ և գնալ այդ նպատակների հետևից»,-ընդգծել է Ալլեն Ազիզյանը՝ հոգեբանական խնդիրների հաղթահարման կարևորագույն ուղիներից մեկը համարելով զբաղվածությունը:
Իսկ հոգեբան-մասնագետների արդյունավետ աշխատանքը նա պայմանավորում է նաև հոգեբանի կայունությամբ, ինքնատերապետման բարձր աստիճանով. «Այցելուի հետ կոնտակտ ստեղծելը շատ բարդ է. այցելուն հոգեբանի հետ խոսելիս պետք է հասկանա, որ աշխարհում կա մեկը, ով հետաքրքրված է իր խնդիրներով, հույզերով, տագնապներով: Այս պարագայում թերապիստին կարող է օգնել նաև ինքն իր մասին պատմելը, իր փորձով կիսվելը»,-նշել է Ա. Ազիզյանը՝ հավելելով, որ խնդիրներն ամենուր են և միշտ կան, պետք է կարողանալ խնդրի նկատմամբ ընկալումը փոխել:
Աշխատաժողովի ընթացքում հոգեբան մասնագետները հանդես են եկել զեկուցումներով՝ «Թերապիա մեկ սեանսի միջոցով (Single Session Therapy). մեթոդի ներածություն» (Ռուզաննա Ազատյան, Երևանի Պետական Բժշկական Համալսարան), «ՀՏՍԽ / PTSD/ բուժում. 2020թ. Արցախի 44 օրյա պատերազմի տվյալների ամփոփում» (Լիանա Թերզյան, հ.գ.թ, Երևանի Պետական Բժշկական Համալսարան), «Տոկունություն և հետտրավմատիկ աճ» (Խաչատուր Գասպարյան, հ.գ.թ, Երևանի Պետական Բժշկական Համալսարան, Անի Ազիզյան «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոն):
Հոգեբանական աշխատաժողովն ուղեկցվել է քննարկումներով, մասնակից մասնագետներն արտահայտել են իրենց տեսակետները առկա խնդիրների վերաբերյալ: