Արցախի պետական համալսարան
2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ Արցախի պետական համալսարանի իրավունքի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Հանուն հայրենիքի պետք է ապրել» խորագրով հուշ-ցերեկույթ, որի շրջանակներում «Հայ զինվորի բարոյահերոսական կերպարը» թեմայով անց է կացվել դասախոսություն-քննարկում:
Միջոցառման սկզբում նախ հարգանքի տուրք է մատուցվել զոհված տղաների հիշատակին:
Օրհնության խոսք է ասել Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու քահանա Տեր Մինաս քահանա Մովսիսյանը:
«Երկու տարի առաջ այս օրը մեր սքանչելի երկիր Արցախ աշխարհը մեծ արհավիրք ապրեց,և այս երկրի ապագան էին ուզում կերտել մեր հերոսները: Մեզ համար սուրբ պարտականություն է այսօր հիշատակելու մեր նահատակների հիշատակը: Այս արարչական երկրի համար այդ տղաները մոռացան ամեն ինչ, երդվեցին հանուն հայրենիքի չխնայել սեփական կյանքը և նրանք ընկան,որպեսզի պաշտպան կանգնեն հայրենիքին»,-ասել է Տեր Մինաս քահանա Մովսիսյանը:
Իրավունքի ամբիոնի վարիչ Տաթևիկ Գևորգյանը նշել է, որ իր դարավոր պատմության ընթացքում հայ ժողովուրդը բազում անգամներ կանգնել է պետականության, հավատքի կորստի և գոյության պայքարի առաջ:
«Միգուցե տարիներ հետո պատմության էջերը թերթելիս այսօրվա մեր ապրումները կներկայացվեն ընդամենը որպես մի փոքր դրվագ, բայց այսօր այդ ապրումների կրողը մենք ենք, և իրականությունից հնարավոր չէ փախչել: Լույս դարձած մեր տղաները ապացուցեցին, որ պետք է սիրես այն, ինչ քոնն է, փայփայես ու պատվես: Ես վստահ եմ, որ նրանք գնացել են գլուխները բարձր, որովհետև հայ զինվորի ոգին անկոտրում է, իսկ հայի տեսակը՝ պայքարող»,-ասել է Տ.Գևորգյանը:
Բուհի ռեկտոր Արմեն Սարգսյանի խոսքով՝ պատերազմից հետո բուհում կազմակերպվող ցանկացած միջոցառման ժամանակ պետք է հիշատակվեն հերոսացած տղաները:
«Այսպիսի միջոցառումներ, ինչքան էլ մենք կազմակերպենք, առաջին հերթին անհրաժեշտ են ոչ թե մեր զոհված տղաներին կամ նրանց հարազատներին, այլ՝ մեր նոր սերնդին: Այսօր, երբ մենք կանք, ապրում ենք Արցախում, սովորում ենք, առաջին հերթին պարտական ենք այդ տղաներին»,-հավելել է ռեկտորը։
Հուշ-ցերեկույթի ընթացքում ներկայացվել են պատերազմից դրվագներ, ուսանողները հանդես են եկել երաժշտական ու բանաստեղծական կատարումներով: