Արցախի պետական համալսարան

Տարիներ առաջ, երբ դիտում էի առաջին դասարանիս ավարտական հանդեսի տեսագրությունը, չէի էլ կարող պատկերացնել, որ ժպիտի փոխարեն այսօր դեմքիս արցունքներ կլինեն։ Դասարանիս ամենափոքրամարմին տղան՝ Արտակը, ում հենց բաժին էր հասել այդ օրվա միակ հայրենասիրական բանաստեղծությունը, այսօր իմ հերոսն է։ Եվ մի՞թե սա ճակատագիր չէ։ Նա, ով մանուկ օրերին թշնամուն սպառնում էր խաղալիք զենքերով, նա ում 12 տարի շարունակ բաժին էր ընկնում թշնամուն սպանելու,  հայրենասեր լինելու ու հերոս դառնալու տողեր, երեկ  վերցրել է իսկական զենքը, կռվել թշնամու դեմ ու հերոս դարձել բոլորիս համար։

Արտակը ծնվել է 2001թ.-ի օգոստոսի 16-ին։ Ապրել ու մեծացել է Արցախում։ Սովորել է Ասկերանի շրջանի գյուղ Իվանյանի միջնակարգ դպրոցում։ Դասարանի ամենաժպտերես ու ընկերասեր տղան էր։ Հաճախ մոռանալով իր հոգսերի մասին՝ փորձում էր դիմացինի տրամադրությունը բարձրացնել իր տարբերվող կատակներով։ Դպրոցն ավարտելուց հետո ծառայության է անցել ԱՀ ՊԲ-ում։ Ցավոք, մի քանի ամիս անց նա նույնպես դարձավ 44-օրյա պատերազմի հերոսներից մեկը։ Արտակը մահացու վիրավորում է ստացել հոկտեմբերի 10-ին թշնամու դիպուկահարի կրակոցից։

Դասընկերներիցս մեկը՝ Արտակի ամենամոտ ընկերը, ով զանգել էր այդ ցավալի լուրն ինձ հայտնելու, արցունքները զսպելով  էր պատմում, որ Արտակի հետ մի օր առաջ էր խոսել։ Արտակը ուրախությամբ էր ընկերոջը հայտնել, որ արդեն 9 ամիս է ծառայում է, դասընկերս էլ ասաց, որ իր տուն գնալուն է 9 ամիս մնացել ։Այդպես երկար խոսել էին ամեն ինչից , հիշել ու ծիծաղել դպրոցական տարիների իրենց արկածների վրա։

Արտակի մայրը պատմում է, որ որդին կարծես զգում էր իրեն մոտեցող վտանգը և մինչև պատերազմը սկսվելը մոտ մեկ ամիս ամեն անգամ հեռախոսով խոսելիս ասել է, որ ուզում  է հենց սեպտեմբերի 27-ին տուն գալ։ Բացի այդ էլ, մոր ծննդյան տոնի առթիվ մի քանի օր շուտ էր ծաղիկներ ուղարկել։ Երևի զգում էր, որ չի հասցնի.

Եվ որքան Արտակներ դադարեցին երջանկացնել իրենց հարազատներին, որքան տղաներ զոհեցին իրենց կյանքը հանուն Արցախի, հանուն արցախցու։ Հերոս են նրանք բոլորը, հերոս են նրանց ծնողները, հերոս է ացախցին,  ով շարունակելու է ապրել ու արարել այս հողի վրա։

«Ես մի տանկ ունեմ։ Տանկս կանգնած է կողքի բակում։ Բայց դեռ փոքր եմ, ճիշտ թզուկ եմ։ Այ, երբ մեծանամ, ամպի չափ դառնամ, զենքն ուսիս կրեմ, թշնամուն կսպանեմ»,-ասում էր Արտակը 16 տարի առաջ իրեն բաժին ընկած բանաստեղծության մեջ, բայց ափսոս, այսօր Արտակը հավերժի ճամփորդ է, երկնքից նա միշտ մեզ հետ է, նրա հիշատակը՝ մեր սրտերում:

Էթերի Մոսիյան, Լրագրություն, 4-րդ կուրս