Արցախի պետական համալսարան
Սեպտեմբերի 30-ին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «ԱՀ տնտեսության հետպատերազմյան արդի հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկում, որին հրավիրված էին ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը, ԱՀ գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը, ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը, «Ֆիդես» հիփոթեքային ընկերության գործադիր տնօրեն Նվեր Ազատյանը, ԱՀ տնտեսության ոլորտի այլ պատասխանատուներ:
Քննարկմանը մասնակցում էին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ: Կլոր սեղան-քննարկումը մեկնարկել է լռության րոպեով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի նահատակված հերոսների:
Ողջունելով ներկաներին՝ քննարկման նախաձեռնող, ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ հրավերն ընդունելու և քննարկմանը ներկայանալու համար՝ նշելով. «Այսօր մեզնից յուրաքանչյուրի պարտքն է արժանապատվորեն շարունակել մեր տղաների կիսատ թողած գործը, մեր բոլորիս նպատակը պետք է լինի երկրի զարգացմանն ու շենացմանը նպաստելը՝ ամեն մեկս դառնալով մարտիկ մեր ոլորտում»:
Հետպատերազմյան Արցախի տնտեսական իրավիճակի մասին հանգամանալից զեկուցում է ներկայացրել ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրանտ Յանա Բեգլարյանը՝ վերլուծական ցուցանիշներ ներկայացնելով պատերազմի հետևանքով տնտեսության կրած վնասների մասին:
«Կատարված հետազոտությունների և վերլուծությունների հիման վրա կարող ենք ասել, որ պատերազմը լրջորեն խաթարել է Արցախի ողջ տնտեսական դաշտը, տնտեսության բոլոր ոլորտներում արձանագրվել է անկում, աղետալի վնասներ է կրել գյուղատնտեսությունը»,-ընդհանրացրել է Յանա Բեգլարյանը:
ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանն ընդգծել է քննարկման թեմայի արդիականությունը՝ մատնանշելով տնտեսության ոլորտում առկա խնդիրները, այդ թվում՝ տնտեսական անվտանգություն, էներգետիկ անվտանգություն, սոցիալական դժգոհությունները, աղքատության ցուցանիշները և այլն:
Ոլորտի պատասխանատուները, անդրադառնալով հնչեցված խնդիրներին, ներկայացրել են պետության կողմից իրականացվող քաղաքականությունը տնտեսության ոլորտում պատերազմի հետևանքով ստեղծված խնդիրների լուծման և տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման ուղղությամբ:
ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ մինչև պատերազմը տնտեսության ոլորտը զարգացման բավականին բարձր ցուցանիշներ ուներ: Պատերազմից հետո մեծաթիվ ռեսուրսների կորուստների պատճառով ներկայում պետբյուջեի ծախսերի զգալի մասը կազմում են սոցիալական ծախսերը և շինարարությունը՝ ԱՀ Կառավարության ծրագրերով բռնատեղահանված բնակչությանը աջակցություն ցուցաբերելու և բնակարաններով ապահովելու նպատակով:
«Եթե մինչև պատերազմը մենք էլեկտրաէներգիայով ինքնաբավ և արտահանող երկիր էինք, ապա այսօր դարձել ենք ներկրող: Նույնը կարելի է ասել մի շարք ապրանքատեսակների մասով»,-նշել է Վ. Բաղդասարյանը՝ տեղեկացնելով նաև, որ պետությունը մշակում է մի շարք կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, որոնք միտված են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը, այդ թվում՝ գյուղատնտեսական, անասնաբուծական և այլ ծրագրեր՝ փոքր տարածքից մեծ արդյունավետություն ապահովելու նպատակով, քանի որ գյուղատնտեսական նշանակության տարածքների մեծ մասն անցել է հակառակորդի վերահսկողության տակ, կամ դարձել սահմանամերձ:
ԱՀ գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանի խոսքով՝ պատերազմից հետո, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, անցում է կատարվել ինտենսիվ գյուղատնտեսության՝ նպատակ ունենալով ռեսուրսների արդյունավետ օգտագործման շնորհիվ ապահովել հավելյալ արտադրանք: Նրա խոսքով՝ ներկայում աշխատանքներ են տարվում նոր ենթակառուցվածքների ստեղծման, նախկինում չօգտագործվող հողատարածքները թփուտներից ազատման ու մշակելի դարձնելու և մի շարք այլ ուղղություններով, որոնք դյուրին կդարձնեն գյուղատնտեսությամբ զբաղվելը:
«Այս տարի համախառն արտադրանքը բարձր կլինի՝ նախորդ տարվա համեմատ»,-տեղեկացրել է գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն:
ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանի խոսքով՝ պատերազմից հետո հարկային մարմինը նախաձեռնել է հարկային արտոնությունների մեծ փաթեթ, բարեփոխումներ, որոնք նպաստել են ՓՄՁ-ների գործունեության շարունակակությունը և զարգացումը:
«Ֆիդես» հիփոթեքային ընկերության գործադիր տնօրեն Նվեր Ազատյանի խոսքով՝ պատերազմից հետո Մարտունիում և Մարտակերտում բացվել են «Ֆիդես» ընկերության մասնաճյուղերը՝ բնակչության շրջանում վարկերից օգտվելու մատչելիություն ապահովելու նպատակով: Նա ներկայացրել է նաև տեղեկատվություն՝ պետության կողմից տարբեր վարկատեսակների հանդեպ իրականացված արտոնությունների և ընկերության կողմից ներկայում տրամադրվող վարկատեսակների՝ սպառողական, ինչպես նաև նոր գործարկված՝ արևային ջրատաքացուցիչների ներդրման սպառողական վարկերի մասին:
Քննարկմանն իրենց տեսակետներն ու մտահոգող հարցերն են հնչեցրել նաև դասախոսներն ու հրավիրված մասնագետները:
Ամփոփելով քննարկումը՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ կարևորելով նման հանդիպումների նշանակությունը և առաջարկելով հաջորդ նման հանդիպում-քննարկումը կազմակերպել ավելի մեծ լսարանում՝ ընդգրկելով ավելի շատ ուսանողների: